Պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա

Պաշտպանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող ինֆորմացիա, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է վաղ առավոտից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզում սահմանների հետ կապված իրավիճակը:

Պաշտպանը հատուկ արձանագրում է, որ սահմանների հետ կապված հարցերը հասկանալիորեն ունեն հանրային մեծ հետաքրքրություն և զգայունություն, իսկ հանրությունն էլ ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։

Ուստի, իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը:

Նշվածի հետ միասին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցիալական ցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:

Ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել