Քաղավիացիայի կոմիտեն՝ կորած օդանավի մասին

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեից հայտնում են.

«Հարգելի քաղաքացիներ,

Իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways» ընկերության օդանավի տեխնիկական խնդիրները լուծելու ուղղությամբ: Հաշվի առնելով նաև, որ հարուցվել է քրեական գործ և տեղի է ունենում իրավական գործընթաց` մինչ դրանց ավարտը մանրամասներ չենք կարող հրապարակել: Հայտնում ենք նաև, որ ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, և մամուլում տարածված լուրերը, թե ինքնաթիռը ապամոնտաժվել է, չեն համապատասխանում իրականությանը»:

Ինչպես արդեն հայտնել ենք, մարտի 16-ին, լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը հայտնեց, որ Թեհրանում վայրէջք կատարած «Բոինգ» օդանավի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել «Քրեական օրենսգրքի» 221-րդ հոդվածով՝ օդանավի զավթումը․ աշխատանքներ են տարվում, որպեսզի օդանավը վերադարձվի։

Այն հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ պետք է օդանավը վերադարձվի, Հարությունյանը նշեց՝ այո, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան:

Հիշեցնենք, որ Վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր․

«Հայկական օդանավի առևանգու՞մ,
Հերթական խաբեությու՞ն,
Թե՞ պրոֆեսիոնալ անճարակություն ՀՀ քաղաքացիական ավիացիայում:

Փետրվարի 21-ին ՀՀ քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն (ՔԱԿ) հեռագիր է ստացել Միացյալ Արաբական Էմիրությունների Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչության կողմից (GDCA), հայկական գրանցմամբ, EK-FAA համարանիշով Բոինգ-737 օդանավի առևանգման մասին»:

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն փետրվարի 23-ին հայտարարություն էր տարածել, որում ասվում էր․

«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»:

Այնուհետև նշվեց, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն։

Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ևս խոսեց կորած օդանավի մասին։

Ավինյանը պատասխանատուների անուններ է տվեց։

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով՝ «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է Կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի:

«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ՝ դեպի Վարնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում՝ վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել