«Կորած» օդանավը վայրէջք է կատարել Իրանում․ Ավինյանը պատասխանատուների անունն է տալիս

Ազգային ժողովում ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսեց օրեր առաջ «կորած» օդանավի մասին։

Ավինյանը պատասխանատուների անուններ է տվել։

Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օդանավի հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացման նպատակով՝ «Fly Armenia Airways» ընկերությունը պաշտոնապես դիմել է Կոմիտե, որպեսզի Էստոնիայի Տալին քաղաքից Ուկրաինայի «Գոստոմել» օդանավակայան մեկ դատարկ տեղափոխական թռիչքի թույլտվություն ստանա՝ կրելով թռիչքի ամբողջ պատասխանատվությունը, ինչը չի հակասում միջազգային ավիացիոն որևէ պահանջի:

«Սակայն նշված օդանավը, խախտելով կոմիտեի կողմից նախապես տրամադրված թռիչքի ուղղության վերջնակետի թույլտվությունը, իրականացրել է թռիչք՝ ոչ իրեն նախապես տրված թույլտվության համաձայն, այլ՝ դեպի Վարնա օդանավակայան, այնուհետև ուղղություն է վերցրել դեպի Շարժա, սակայն դեռևս չպարզված հանգամանքներում՝ վայրէջք է կատարել Իրանի «Մեհրաբաթ» օդանավակայանում»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հայտարարության մեջ նշել էր, որ նշված օդանավում ուղևորներ չեն եղել, իսկ օդաչուներն եղել են օտարերկրյա քաղաքացիներ:

«Թռիչքը կրել է տեխնիկական բնույթ, վայրէջքի մասին տեղեկատվությունը քննության փուլում է:

Չարտոնված թռիչքուղու և չարտոնված վայրէջքի վերաբերյալ Կոմիտեում ընթանում է քննություն:

Ելնելով քննության շահերից՝ Կոմիտեն կտեղեկացնի վերջնական արդյունքների մասին, քննության ավարտից հետո»:

Այսօր՝ փետրվարի 23-ին, Քաղավիացիայի կոմիտեն հայտնել էր․

«2021 թվականի փետրվարի 22-ից մամուլում շրջանառվող լուրերի կապակցությամբ, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ առևանգման փաստի մասին Կոմիտեն պաշտոնապես հաստատված տեղեկատվություն չի ստացել համապատասխան մարմիններից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ Կոմիտեն տեղյակ է օդանավի գտնվելու վայրի մասին և ներկայումս սերտ համագործակցում է առնչվող պետությունների ավիացիոն իշխանությունների հետ:

Քննության ավարտից հետո Կոմիտեն կներկայացնի լրացուցիչ տեղեկատվություն»,-նշված է հայտարարության մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել