Գրիգոր Կետցյանը միայնակ ակցիա է իրականացնում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց

Մոսկվայաբնակ Գրիգոր Կետցյանը միայնակ ակցիա է իրականացնում ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ պահանջելով ազատ արձակել հայ ռազմագերիներին։

«Հարգելի ՄՈՍԿՎԱՅԱԲՆԱԿ հայրենակիցներ, ինձ պետք է հերթափոխող կամավորներ, ովքեր կարևորելով ռազմագերիների ազատությունը՝ պատրաստ են հաղթահարել ցուրտն ու սովը, չծխելը։ Փրկության ակցիան վաղը երեք հասցեներով է լինելու․ ԱԳՆ նախարարության, Մոսկվայում Ադրբեջանի և Հայաստանի դեսպանատաների դիմաց»,-հայտնել է նա։

Նշենք, որ պատերազմի մեկնարկից ի վեր սա առաջին ակցիան է Մոսկավյում Ադրբեջանի դեսպանատան դիմաց։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը։

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայտարարության համաձայն՝ պետք է իրականացվեր ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն՝ «բոլորը՝ բոլորի դիմաց», սակայն ադրբեջանական կողմը ձգձգում է այս գործընթացը։

Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։ Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել