Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության․ Վիտալի Բալասանյան

ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն Ասկերան քաղաքում հանդիպում ունեցավ շրջանի ուժային կառույցների, համայնքների ղեկավարների և Արցախյան պատերազմներին մասնակցած տարբեր սերունդների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է ԱՀ Ասկերանի շրջանի վարչակազմը։

«Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան պատերազմներում նահատակված տղաների հիշատակը:

Այնուհետև Վ.Բալասանյանն, անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին, շեշտեց, որ անհրաժեշտ է օր առաջ ծառայություն սկսել պետական սահմանների պաշտպանության հարցում: Ասկերանի շրջանում պահեստազորից պետք է կազմավորել ստորաբաժանումներ, շտապ զինվորագրվել, անցկացնել յոթօրյա պարապմունքներ ու անցնել մարտական հերթապահության: Այն կկոչվի սահմանապահ ծառայություն, որը տարիքային սահմանափակումներ չի ունենա, և ծառայողները, անշուշտ, կվարձատրվեն:

Հանդիպման մասնակիցները բարձրաձայնեցին իրենց մտահոգող հարցերի մասին, որոնք հիմնականում կապված էին բնակչության անվտանգության, տիրող անորոշ իրավիճակի և հետագա անելիքների հետ:

Վիտալի Բալասանյանը պատասխանեց ներկաների հարցերին»,- նշված է հայտարարության մեջ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել