Որպես ԱԱԾ տնօրեն, ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը, դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են հանդիպումներ՝ այդ թվում Դուբայում․ Արթուր Վանեցյան

Լրագրողների հետ զրույցում ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով Սուրբ աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի այն հայտարարությանը, որ Դուբայ քաղաքում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը փակ ծրար է ստացել Ադրբեջանի պաշտոնյայից, այն փոխանցել է Նիկոլ Փաշինյանին, և այդտեղ եղել է Արցախի 7 շրջանները Ադրբեջանին 5 մլրդ դոլարով վաճառելու առաջարկ, հայտարարեց․«Ես հստակ չեմ պատասխանելու այդ հարցին, որովհետև կոռեկտ չեմ համարում ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնելու ժամանակ ստացված տեղեկությունները հրապարակայնացնել, ես կորոշեմ` երբ, ինչ ծավալով և ինչ պայմաններում կհրապարակայնացնեմ այն տվյալերը, որոնք ինձ հայտնի են դարձել առհասարակ: Երկու տարի առաջ, երբ ես հանդես եկա հրաժարականի դիմումով, բոլորին թվաց՝ Վանեցյանն իշխանություններին կոռուպցիայի դեմ պայքարում «կանգ առնելու» կոչ է անում, այնինչ կոռուպցիայի դեմ պաքարի առաջամարտիկը եղել եմ ես, և այս հեղափոխության, ցավոք սրտի, սիմվոլներից մեկը եղել եմ ես: Խնդրում եմ հանկարծ այս թեման չշահարկել: Ուզում եմ մեկ անգամ ևս ասել՝ ես որպես ԱԱԾ տնօրեն ի պաշտոնե ապահովել եմ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահի օպերատիվ կապը, դրա մասին խոսվել է բազմիցս, եղել են բազմաթիվ հանդիպումներ այդ թվում Դուբայ քաղաքում, այդ հանդիպումների վերաբերյալ տեղեկացված են ԱԱԾ խորհրդի բոլոր անդամները, այդ հարցերը քննարկվել են ԱԱԾ խորհրդում, ավելին ասել չեմ կարող»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ դատախազությունում հարուցված է քրեական գործ՝ պաշտոնեական դիրքերի լիազորությունները չարաշահելու հոդվածով, որի մեջ հստակ նշված է, որ որոշ պաշտոնատար անձիք, չարաշահելով կամ չիրականցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ազդել են պատերազմի ելքի վրա:

«Այդ քրեական գործի շրջանակներում կիրականացվի քննություն, կտրվի պատասխան՝ պատերազմի սկզբի ընթացքի և արդյունքների վերաբերյալ, և այդ գործի շրջանակներում, եթե կլինի կլինի անհրաժեշտություն, որ ես մասնակցեմ, կմասնակցեմ, այլևս որևէ հարցի այս թեմայով չեմ պատասխանելու»,- շեշտեց Արթուր Վանեցյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել