Հնարավո՞ր է փոփոխել ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը

Ալիմենտ վճարելու համաձայնությունը իրենից ներկայացնում է քաղաքացիաիրավական գործարք, և այն կնքելու, կատարելու, փոփոխելու, լուծելու և անվավեր ճանաչելու նկատմամբ ևս կիրառվում են քաղաքացիաիրավական գործարքների համապատասխան նորմերը։

Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը ցանկացած ժամանակ կարող է փոփոխվել կամ լուծվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ, սակայն մի պայմանով, որ ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը փոփոխելու կամ լուծելու ձևը պետք է համապատասխանի այն կնքելու ձևին, այսինքն՝ պետք է ձևակերպվի գրավոր և վավերացվի նոտարի կողմից: Ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությունը միակողմանիորեն փոփոխել կամ լուծել չի թույլատրվում:

Կողմերի գույքային և ընտանեկան դրության էական փոփոխությունների, ինչպես նաև ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության փոփոխման կամ լուծման վերաբերյալ անհամաձայնության դեպքում շահագրգիռ կողմն այդ համաձայնության փոփոխման կամ լուծման հայցով դատարան դիմելու իրավունք ունի: Ալիմենտ վճարելու համաձայնության փոփոխման կամ լուծման հարցը որոշելիս դատարանը կարող է հաշվի առնել կողմերի` ուշադրության արժանի ցանկացած շահ:

Եթե երեխային կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամին ապրուստի միջոց տրամադրելու` ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնությամբ նախատեսված պայմանները էապես ոտնահարում են նրանց շահերը (մասնավորապես, ալիմենտի նվազագույն չափը չպահպանելու դեպքում), ապա նման համաձայնությունը դատական կարգով կարող է անվավեր ճանաչվել երեխայի կամ ընտանիքի չափահաս անգործունակ անդամի օրինական ներկայացուցչի, ինչպես նաև խնամակալության և հոգաբարձության մարմնի պահանջով։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել