Առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում՝ հետմահու, պարզապես սարսափազդու դեպքեր են․ Արտակ Բեգլարյան

«Ի սկզբանե մոտ 30 քաղաքացիական անհայտ կորած անձ կար, որոնց մի մասի ճակատագիրը պարզվել է, կան արդեն հաստատված դեպքեր, որ նրանք քաղաքացիական անձիք են եղել։ Եթե չեմ սխալվում, արդեն 11 հաստատված մահվան դեպք կա, որոնցից 7-ի մարմինները պատերազմից հետո վերադարձվել են մեզ կամ մեր փրկարարական ծառայություններն են գտել։ Բոլոր 7-ն էլ սպանված են եղել»,- այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Գերիներ ու անհետ կորածներ. ո՞վ է զբաղվում նրանցով» քննարկման ժամանակ ասել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա նշել է, որ քաղաքացիական անձանց մասին ամբողջ վերլուծությունն ու տվյալների հավաքագրումը փաստացի կատարում է Արցախի ՄԻՊ-ը, քանի որ բոլորն Արցախում են գտնվել և հիմնականում եղել են իրենց տներում, բնակավայրերում, երբ Ադրբեջանական ԶՈւ-երը ներխուժել են այդ բնակավայրեր։

«Հիմա փորձաքննությունները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր դեպքերում առկա են եղել խեղման և խոշտանգման դեպքեր, այդ թվում՝ հետմահու։ Եղել են ականջներ կտրելու դեպքեր, աչք հանելու, գլխատման փորձեր, հետմահու դանակահարության և մի շարք նմանատիպ դեպքեր, որոնք պարզապես սարսափազդու են»,- ասել է Բեգլարյանը։

Նա նշել է, որ մի քանի տեսանյութեր կան քաղաքացիական անձանց մասով, որ ադրբեջանական կողմն է հրապարակել․ կենդանի վիճակում մարդկանց գլխատելու, այդ թվում՝  քաղաքացիական անձանց, կենդանի վիճակում ականջները կտրելու, անմարդկային վերաբերմունքի դեպքեր, ծաղրանք և այլն։

«Բոլոր այս դեպքերը մենք վերլուծում ենք, բոլոր հնարավոր դեպքերով ինքնությունները պարզում ենք ու հայտնում Կարմիր խաչին և ռուսական կողմին։ Որպես ամփոփում, ասեմ, որ այստեղ և՛ գլխավոր պատասխանատուն, և՛ միակ հանցագործը ադրբեջանական կողմն է։ Ու ադրբեջանական կողմը բավականին ակնհայտ կերպով ժամանակ է ձգում։ Գերիների մասով էլ ու նաև դիակների որոշ չափով փոխանակման ու որոնման մասով էլ է ժամանակ ձգում»,- ասել է նա՝ հավելելով, որ առ այսօր, ըստ իր տեղեկությունների, ավելի քան 400 մարմին է փոխանցվել հայկական կողմին։ Սակայն բոլորը չեն փոխանցվել, դրանց մի մասը հայկական կողմի փրկարար ծառայությունը, Կարմիր խաչը և ռուսական կողմն են գտել մարտադաշտերում՝  համատեղ որոնողական աշխատանքների ընթացքում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել