Ինչ պատիժ է սահմանվում զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար

Զանգվածային անկարգություններ կազմակերպելը պատժվում է ազատազրկմամբ` չորսից տասը տարի ժամկետով: Այս նորմը սահմանվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածով:

Ըստ հոդվածի` զանգվածային անկարգությունների ժամանակ մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ սարքեր գործադրելը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով, իհարկե, եթե այդ արարքները կատարելն ինքնին չի առաջացնում սույն օրենսգրքի այլ հոդվածներով ավելի խիստ պատասխանատվություն:

Զանգվածային անկարգությունների ժամանակ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին ակտիվորեն չենթարկվելու կամ անձանց նկատմամբ բռնություն կիրառելու կոչերը ևս պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով` 200.000 – 600.000 դրամ : Սույն կետով կարող է սահմանվել նաև կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով և ազատազրկում՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքում զանգվածային անկարգություններ են համարվում բռնությունը, ջարդը, հրկիզումները, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ սարքեր գործադրելը, իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալը`արտահայտված մի քանի անձանց գործողություններով, որոնց հետևանքով վտանգվում է հասարակական անվտանգությունը:

Աղբյուր` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել