Արթուր Վանեցյանը կոչով է հանդես եկել

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը կոչով է հանդես եկել, որում ասվում է․

«Իր ավարտված իշխանությունը ևս մի որոշ ժամանակ պահելու համար Ն. Փաշինյանը տարբեր մարդկանց, այդ թվում՝ հեղինակություն և վաստակ ունեցող մարդկանց, առաջարկում է նախարարական պորտֆելներ ու այլ պաշտոններ։

Փաշինյանը սպառված է թե´ որպես վարչապետ, թե´ որպես մարդ։ Որևէ պարկեշտ մարդ չի աշխատի իր հետ, չի լինի կողքին, չի հավատա իրեն։ Բոլոր գիտակից մարդիկ այսօր նրանից տարանջատվում են, քանի որ հասկացել են՝ նրա ուզածը ոչ թե երկիրը, այլ ինքն իրեն փրկելն է։
Դիմում եմ բոլոր նրանց, ում Փաշինյանը կառաջարկի պաշտոններ. ընդունելով առաջարկը՝ նույն պահին դուք դառնալու եք նրա դավաճանության համահեղինակը, դուք նրա հետ կիսելու եք պատասխանատվությունը։ Պատմության մեջ մնալու եք որպես Շուշին, Հադրութը, Մարտունու ու Մարտակերտի գյուղերը, Քարվաճառի ճանապարհը, Ղազանչեցոցը, Ամարասը թուրքին հանձնած առաջնորդի կառավարության անդամ։

Հարգելինե՛րս, այդ մարդը թուրքին զիջեց մեր Հայրենիքը, այդ մարդը դարձավ հազարավոր զոհերի ու ավերածությունների պատճառ և հիմա փորձում է ձեր հեղինակության միջոցով ինքնափրկվել։

Ես հասկանում եմ շատերի ցանկությունը՝ այս դժվար պահին իրենց մասնագիտական կարողություններով ու գիտելիքներով օգտակար լինելու պետությանը և ժողովրդին։ Եվ դուք դա անպայման անելու եք։ Շատ կարճ ժամանակ հետո մեր երկրի բոլոր կարող և ունակ մարդիկ՝ դուք, մենք, բոլորս, գիշեր-ցերեկ աշխատելու ենք մեր երկրի վերականգնման, գուցե՝ փրկության համար։

Իսկ հիմա իմ կոչն է՝ թույլ չտա´ք, որ հեռացող դավաճանը ձեր անունը օգտագործի իր անձնական շահի համար։ Մերժե´ք դավաճանին, որ հետո բոլորս միասին փրկենք երկիրը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել