Մարտական ծառայության մեդալ՝ Արարատի մարզում ընկած ռուսական Մի-24 ուղղաթիռի անձնակազմին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 18-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել Մարտական ծառայության մեդալով՝

Յուրի Վիկտորի ԻՇՉՈՒԿԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի հրամանատար, մայոր (հետմահու)

Ռոման Վասիլիի ՖԵԴԻՆԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի ավագ տեխնիկ-հրահանգիչ, ավագ լեյտենանտ (հետմահու)

Վլադիսլավ Սերգեյի ԳՐՅԱԶԻՆԻՆ ուղղաթիռային էսկադրիլիայի ուղղաթիռային օղակի օդաչու-օպերատոր, ավագ լեյտենանտ»։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին մարտական ​​գոտուց դուրս գտնվող օդային տարածքում խոցվել էր Մի-24-ը, որը ծառայում էր Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայում: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, ևս մեկը ստացել էր միջին-ծանր վնասվածքներ։

Ավելի վաղ պաշտոնական Բաքուն խոստովանել էր, որ իր ուժերը խոցել են ռուսական ուղղաթիռը: Նրանք ներողություն  խնդրեցին միջադեպի համար և պատրաստակամություն հայտնեցին փոխհատուցում վճարել:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Մոսկվան ընդունել է ներողությունը՝ «Ադրբեջանի նախագահի ակնթարթային արձագանքի և անաչառ հետաքննություն անցկացնելու և պատասխանատուներին պատժելու պատրաստակամության հավաստիացման» համար։

Ուղղաթիռի անձնակազմին «Արիության» մեդալով է պարգևատրել նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել