Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ նա պատրաստ է բանակցությունների՝ առանց նախապայմանների:
«Նախ պետք է նախապատրաստվել հանդիպմանը, նոր միայն այն կայանա: Մի հատ հասկանանք պարոն Ալիևն ինչ է ուզում, հետո ինքն է ուզում, թե Էրդողանն է ուզում, որովետև այս գործողությունների մեջ ամեն ինչ խառնվել է իրար: Ոնց որ թե պարոն Իլհամ Ալիևը իր իշխանությունը, կառավարումը հանձնել է պարոն Էրդողանին, որովհետև կարևորագույն հարցերով էրդողանն է խոսում միջազգային կառույցներում իր եղբոր փոխարեն: Տեսնենք դեպքերը ոնց կզարգանան, բայց այդ ամենը կախված է մեր զինվորների կերտած հերոսապատումների հետ»,- ասաց պատգամավորը:
Նա նաև հավելեց, որ այս պահի դրությամբ էլ մենք ծանր մարտերի գնով պահում ենք մեր անվտանգության համակարգը և ժողովրդի կամքի և հերոսապատումների շնորհիվ՝ բանակցություններում մենք մեր կամքը կթելադրենք:
Պատգամավորը Ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններին Թուրքիայի ներգրավումը համարում է անիմաստ:
«Մինսկի խմբի ձևաչափը ոչ ոք չի փոխել և հենց այդ ձևաչափով էլ պետք է շարունակվեն բանակցային խաղաղապահ բոլոր գործընթացները»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: