Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Արցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի վայրագությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը՝ անգլերեն լեզվով: Զեկույցում ներկայացված են 2020թ. սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունների դեպքերի հետևանքների հնարավորինս մանրակրկիտ ուսումնասիրություն և վերլուծություն:
Մինչև հոկտեմբերի 9-ը ներառյալ սպանվել է ընդհանուր 20 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 12 տղամարդ: Մանկահասակ երեխան, հինգ կանայք և չորս տղամարդիկ սպանվել են իրենց տան բակում, իսկ մյուսները՝ տարբեր բնակավայրերի հանրային վայրերում (կենտրոնական հրապարակ, թաղամաս): Մահվան դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (1 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնք (1 անձ):
Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 101 մարդ, որից 81 անձինք ստացել են լուրջ վնասվածքներ: Նրանցից 68-ը արական, իսկ 13-ը` իգական սեռի քաղաքացիներ են:
Հիշյալ անձանցից 38-ը վիրավորումը ստացել է անմիջապես իր բնակության վայրում՝ արկի պայթյունի հետևանքով, 6-ը` համեմատաբար անվտանգ վայր տեղափոխվելիս, 11-ը՝ աշխատանքի վայրում, իսկ 26-ը` հասարակական այլ վայրերում:
Ճշգրտված տվյալներով Ստեփանակերտ քաղաքում կամ դրան հարակից հատվածներում լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել 34 անձ, Հադրութի շրջկենտրոն Հադրութ քաղաքում` 3 անձ, Թաղասեռ համայնքում` 3 անձ, նույն շրջանի Վարդաշատ համայնքում` 1 անձ, Մարտունու շրջկենտրոն Մարտունի քաղաքում` 14 անձ, Սպիտակ շեն համայնքում` 1 անձ, Մարտակերտի շրջկենտրոն Մարտակերտ քաղաքում՝ 2 անձ, Մաղավուզ համայնքին հարակից հատվածում` 6 անձ, Ներքին Հոռաթաղ համայնքում` 2 անձ, Ալաշան բնակավայրում՝ 3 անձ, նույն շրջանի Մատաղիս համայնքում` 1 անձ, Շահումյանի շրջանի Քարվաճառ համայնքում` 2 անձ, Շուշի քաղաքում՝ 3 անձ, Ասկերանի շրջկենտրոն Ասկերան քաղաքում՝ 1 անձ, նույն շրջանի Այգեստան համայնքում՝ 2 անձ, Քաշաթաղի շրջանի Հոչանց համայնքում՝ 3 անձ:
Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական զինված ուժերը թիրախավորել են Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայր, ինչի հետևանքով արձանագրվել են բազմաթիվ ենթակառուցվածքների ու մասնավոր գույքի ոչնչացման կամ վնասման դեպքեր: Մասնավորապես, նախնական տվյալներով լրջորեն վնասվել է ավելի քան 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:
Զեկույցում նշվում է, որ զոհերն ու վիրավորումներն արձանագրվել են արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառման հետևանքով: Ադրբեջանը քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառում է ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը կասետային բնույթի է: Նշված ժամանակահատվածում Ադրբեջանը միտումնավոր ու թիրախային կերպով հարվածել է Ստեփանակերտի և այլ բնակավայրերի քաղաքացիական կենսական նշանակության ենթակառուցվածքներին, որը լրջագույն պատերազմական հանցագործություն է և խորացնում է մարդասիրական աղետն Արցախում:
Զեկույցի բովանդակությանը մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝
https://artsakhombuds.am/en/document/735?fbclid=IwAR05TKjAHwv4P79diaHaSdC2JKxC1ADIE2ft8OGAFUdkpxGlGH99BNXwYsw
Հիշեցնում ենք, որ ԱՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք առաքելությունը, որի արդյունքների վերաբերյալ կտրվեն թարմացված տեղեկություններ: