«Հարսնաքարի գործով» այսօրվա դատական նիստը «նվիրված» էր ԶԼՄ-ներին

Այսօր Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց անցյալ տարվա հունիսին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ռազմական բժիշկ Վահե Ավետյանին եւ նրա ընկերներին բռնությունների ենթարկած, Վահեի Ավետյանին մահ պատճառած Գարիկ Մարգարյանի, Նորայր Հայրապետյանի, Դավիթ Ադամյանի, Արման Խաչատրյանի, Արման Բաղդասարյանի, Արթուր Բաբլոյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:

Մինչև գործով դեռևս ցուցմունք չտված ամբաստանյալների հարցաքննությունը սկսելը՝ ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը դատարանին տեղեկացրեց, որ իր պաշտպանյալը պատրաստ է ցուցմունք տալ, բայց ցանկություն ունեն այն իրականացնել առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայության: Նրա խոսքով՝ նախորդ դատական նիստի ժամանակ ամբաստանյալ Դավիթ Ադամյանի ցուցմունքը լրատվամիջոցները հակասական էին ներկայացրել: Նրանք մտավախություն ունեն, թե Արման Խաչատրյանի ցուցմունքն էլ այլ կերպ կներկայացնեն:

Դատավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ յուրաքանչյուր լրատվամիջոց իր մասնագիտական ունակությունների, կարողությունների շրջանակներում է լուսաբանում դատական նիստը, և դատարանը օրենքով որևէ հնարավորություն չունի նրանց լուսաբանման վրա ազդելու: Նա լրագրողներին կոչ արեց հնարավորինս օբյեկտիվ լուսաբանել:

Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը ևս միջնորդեց, որ իր պաշտպանյալի հարցաքննություն դռնփակ դատական նիստով անցկացվի: Տուժող կողմի ներկայացուցիչները դեմ էին միջնորդությանը: Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանի կարծիքով՝ արդարադատության իրականացման ճանապարհին ԶԼՄ-ների հրապարակումներն ու դիտարկուները ոչ մի նշանակություն ունենալ չեն կարող: Դատարանը միջնորդությունը մերժեց:

Պաշտպան Ավագ Լալայանի հաջորդ միջնորդությունը վերաբերում էր իր պաշտպանյալի հարցաքննության ժամանակ տեսանկարահանումն արգելելուն: Պաշտպանի խոսքով՝ Արման Խաչատրյանը կաշկանդվում է տեսախցիկներից: Ամբաստանյալ Արման Խաչատրյանն էլ ավելի ուշ հայտնեց, որ չի կաշկանդվում տեսախցիկներից, սակայն այս պահին հրաժարվում է ցուցմունք տալ: Դատարանը չտեսանկարահանելու միջնորդությունն էլ մերժեց:

Գործով մյուս ամբաստանյալ Գարիկ Մարգարյանը, պատրաստ չլինելու պատճառով, հրաժարվեց այսօր ցուցմունք տալ: Մյուս ամբաստանյալներն էլ նույն հիմքով հրաժարվեցին:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պաշտպան Մարինե Թովմասյանն այլ գործով դատական նիստ ուներ նշանակված՝ դատարանը գործի քննությունը հետաձգեց մինչև մարտի 29-ը:

 

Նունե Հովսեփյան
Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել