Առկա են եղել բազմաթիվ բժշկական ոչ իրավաչափ գործողություններ. ՄԻՊ զեկույց

Այսօր օմբուդսմենը ներկայացրել է Մարդու իրավունքների վիճակը Առողջապահության նախարարության ոլորտում: Ըստ նրա 2012 թվականի տարեկան զեկույցի այդ մասի` 

 

Առողջապահության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.

· Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ` կապված համավճարի զեղչման կամ դրա վճարումից ազատելու կարգի նկատմամբ իրականացվող ստուգումների և մշտադիտարկման ցածր արդյունավետության հետ, որը հանգեցրել է բազում խտրական դրսևորումների դեպքերի, որոնց համար պաշտոնատար անձինք պատասխանատվության չեն ենթարկվել:

· Խիստ մտահոգիչ է, որ հանրապետությունում բացակայում են շրջանառվող դեղերի որակի հսկողության մեխանիզմներ և այդ հարցը կարգավորող հատուկ մարմին, որի արդյունքում վտանգվում է բազմաթիվ անձանց առողջությունը:

· Առկա են եղել բազմաթիվ բժշկական ոչ իրավաչափ գործողություններ, որոնք բժշկական էթիկայի կանոնների բացակայության հետևանքով չեն ստացել համապատասխան որակում:

· Շարունակում է չլուծված մնալ «Բժշկական սխալ» եզրույթի օրենսդրական կարգավորումը, արդյունքում կրկին անգամ գրանցվել են բժշկի անփութության կամ բժշկական սխալի հետևանքով ոչ ճիշտ բժշկական միջամտություն ցուցաբերելու մի շարք անցանկալի հետևանքներ:

· Մտահոգության տեղիք է տալիս, որ մինչ օրս չի ընդունվել մինչև 6 ամսական երեխայի կրծքով սնուցումը կարգավորող` «Երեխաներին կրծքով սնուցման խրախուսման և արհեստական կաթնախառնուրդների շրջանառության մասին» օրենքի նախագիծը:

· Բավարար քայլեր չեն ձեռնարկվել «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի` խոցելի խմբի անձանց անվճար դեղորայքով ապահովելու պարտականությունը:

· Դեռևս իր լուծումը չի ստացել առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված 0-7 տարեկան երեխաների համար նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող բժշկական ծառայությունների մատուցման ապահովման խնդիրը:

· Ցածր է «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացված դիմում-բողոքներին համապատասխան լուծում տրամադրելու մակարդակը:

 

Արձանագրված դրական զարգացումներ

· Կեղծ դեղերի դեմ պայքարի շրջանակներում ստորագրվել են միջազգային պայմանագրեր, կազմակերպվել են խորհրդաժողով-դասընթացներ:

· էապես բարձրացվել է շտապօգնության ծառայության որակն ու արդյունավետությունը:

· Մի շարք բժշկական միջամտություններ 0-7 տարեկան երեխաների համար իրականացվում են անվճար հիմունքներով:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել