Կորոնավիրուսի թեստ հանձնելիս նախաթեստավորման պայմանների խախտումը կարող է ազդել թեստի արդյունքի վրա:
Այս մասին ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր հարցման, պատասխանում են առողջապահության նախարարությունից։
Նշենք, որ մեզ էր դիմել քաղաքացի՝ նշելով․ որի խոսքով, պարետատնից իրեն հրահանգել են, որ թեստը հանձնելուց առնվազն մեկ ժամ առաջ պետք է նաև ջուր չխմել, հակառակ դեպքում թեստի պատասխանը դրական է լինում։
Մենք նախարարությունից փորձել ենք նաև ճշտել, թե արդյո՞ք ջուր կամ սնունդ օգտագործելու դեպքում թեստի պատասխանը կարող է տարբեր լինել, ինչին ի պատասխան նշվել է․
«Միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԱՀԿ առաջարկությունների համաձայն` COVID-19-ի վերաբերյալ թեստավորման նախապայմաններ ներկայացված չեն: Նախապայմաններ առկա են որոշ թեստ-հավաքածուների հրահանգներում, հետևաբար յուրաքանչյուր լաբորատորիա, կախված օգտագործվող թեստ-հավաքածուներից, կարող է հետազոտվող անձանց ներկայացնել թեստավորման նախապայմաններ` ըստ անհրաժեշտության:
Նախաթեստավորման պայմանների խախտումը կարող է ազդել թեստի արդյունքի վրա»:
Հավելենք, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության` 2020թ-ի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020թ-ի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020թ-ի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, հետևյալ լաբորատորիաներում`
- «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ,
- «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ,
- «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ,
- «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն)։
Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներն են`
- «Պրոմ-Տեստ» ՍՊԸ,
- «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»),
- «Էկոսենս» ՍՊԸ,
- «Նորմեդ» բժշկական կենտրոն,
- «Սիրմեդ» ՍՊԸ,
- «Ա.Բ. Մեդ» ախտորոշիչ լաբորատորիա։