Կորոնավիրուսի թեստ հանձնելիս նախաթեստավորման պայմանների խախտումը կարող է ազդել թեստի արդյունքի վրա

Կորոնավիրուսի թեստ հանձնելիս նախաթեստավորման պայմանների խախտումը կարող է ազդել թեստի արդյունքի վրա:

Այս մասին ի պատասխան Իրավաբան.net-ի գրավոր հարցման, պատասխանում են առողջապահության նախարարությունից։

Նշենք, որ մեզ էր դիմել քաղաքացի՝ նշելով․ որի խոսքով, պարետատնից իրեն հրահանգել են, որ թեստը հանձնելուց առնվազն մեկ ժամ առաջ պետք է նաև ջուր չխմել, հակառակ դեպքում թեստի պատասխանը դրական է լինում։

Մենք նախարարությունից փորձել ենք նաև ճշտել, թե արդյո՞ք ջուր կամ սնունդ օգտագործելու դեպքում թեստի պատասխանը կարող է տարբեր լինել, ինչին ի պատասխան նշվել է․

«Միջազգային կազմակերպությունների, այդ թվում ԱՀԿ առաջարկությունների համաձայն` COVID-19-ի վերաբերյալ թեստավորման նախապայմաններ ներկայացված չեն: Նախապայմաններ առկա են որոշ թեստ-հավաքածուների հրահանգներում, հետևաբար յուրաքանչյուր լաբորատորիա, կախված օգտագործվող թեստ-հավաքածուներից, կարող է հետազոտվող անձանց ներկայացնել թեստավորման նախապայմաններ` ըստ անհրաժեշտության:

Նախաթեստավորման պայմանների խախտումը կարող է ազդել թեստի արդյունքի վրա»:

Հավելենք, որ այժմ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) նկատմամբ լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ՀՀ առողջապահության նախարարության`  2020թ-ի մայիսի 13-ի թիվ 04-Ց, 2020թ-ի հունիսի 11-ի թիվ 05-Ց և 2020թ-ի հունիսի 19-ի թիվ 07-Ց ցուցումների համաձայն, հետևյալ լաբորատորիաներում`

  • «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ,
  • «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ,
  • «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ,
  • «Նատալի ֆարմ» ՍՊԸ («Աստղիկ» բժշկական կենտրոն)։

Վճարովի հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներն են`

  • «Պրոմ-Տեստ» ՍՊԸ,
  • «Գիսանե» ՍՊԸ («Դավիդյանց լաբորատորիաներ»),
  • «Էկոսենս» ՍՊԸ,
  • «Նորմեդ» բժշկական կենտրոն,
  • «Սիրմեդ» ՍՊԸ,
  • «Ա.Բ. Մեդ» ախտորոշիչ լաբորատորիա։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել