Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը. ՄԻՊ զեկույց

ՄԻՊ գրասենյակը շարունակում է ներկայացնել «Օմբուդսմենի զեկույց 2012»-ն ըստ ոլորտների: Այս անգամ ներկայացնում է մարդու իրավունքների վիճակն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության ոլորտում:

Ըստ զեկույցի` արձանագրվել են հետևյալ թերացումները.


Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ոլորտում իրավասու մարմինների հայեցողական գնահատման հետևանքով բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել:

Նախարարությունը նույնիսկ ուժի մեջ մտնելուց հետո որոշակի ժամանակահատված չի կատարել ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ թիվ 1050 որոշման պահանջները, որոնք վերաբերում էին լիազորագրով կենսաթոշակ ստանալուն:

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթները կիրառել է սեփական մեկնաբանությամբ, չնայած Սահմանադրությամբ կամ օրենքներով լիազորված չէ մեկնաբանել օրենքը, այն էլ ի վնաս քաղաքացիների:

Չեն լուծվել թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների հայտնաբերելու և ապաստան տրամադրելու խնդիրները:

Մշակված չեն եղել անհրաժեշտ համալիր միջոցառումներ և ծրագրեր, որոնք կհանգեցնեն մանկատների բեռնաթափմանը:

Առկա է օրենսդրական հստակեցման անհրաժեշտություն` խնամակալության և հոգաբարձության ինստիտուտի կարգավորման, ինչպես նաև խնամակալների և հոգաբարձուների մասնագիտական պատրաստվածության և վերջիններիս գործունեության թափանցիկության բացակայության վերաբերյալ:

Ընդունելով երեխայի իրավունքների պաշտպանության 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին որոշումը՝ ՀՀ Կառավարությունը ուժը կորցրած է ճանաչել երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015թթ. ազգային ծրագիրը, ինչը վկայում է երեխաների պաշտպանությանն ուղղված ռազմավարական ծրագրերի նախատեսված ժամկետների սահմաններում իրականացման հետևողականության բացակայության մասին:

Չեն ձեռնարկվել արդյունավետ միջոցառումներ՝ ուղղված արհեստակցական միությունների կայացմանը:

Գրանցվել են կնքված աշխատանքային պայմանագրի օրինակն աշխատողին չտրամադրելու մի շարք դեպքեր:
Շարունակում է չլուծված մնալ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ապահովման խնդիրը:

Արձանագրվել են բողոքներ գործատուների կողմից առանց աշխատանքային պայմանագիր կնքելու, անձանց աշխատանքի ընդունելու, աշխատավարձ չվճարելու, աշխատանքից կամայական ազատելու, վերջնահաշվարկ չկատարելու, արձակուրդի համար չվճարելու վերաբերյալ:

Կարգավորված չէ ամենամյա երկարացված արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը, որտեղ ընդգրկված չեն ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտության բնագավառի աշխատողները:

Թեև մշակվել է հայեցակարգ, սակայն շարունակում են չլուծված մնալ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից աշխատողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման խնդիրները, ինչպես նաև նրանց կարգավորումը:

2012 թվականին առկա են եղել բազմաթիվ բողոքներ, որոնք վերաբերել են գործատուների կողմից անձանց արտադրական խեղման համար վնասի փոխհատուցման ոչ իրավաչափ դադարեցմանը, և ՀՀ աշխատանքի պետական տեսչության կողմից այդ խնդրի կապակցությամբ միջոցներ չեն ձեռնարկվել:

Արձանագրված դրական զարգացումները


Եռակողմ սոցիալական գործընկերության շրջանակներում Նախարարությունը ակտիվորեն համագործակցում է Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի հետ:

Ներդրվել է Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների/ԲՍՓՀ/ կողմից կայացված որոշումների բողոքարկման եռաստիճան համակարգ:

Իրականացվել է մոնիթորինգ և վերահսկողություն բնակչության սոցիալական պաշտպանության որոշ բնագավառներում արձանագրված չարաշահումների դեպքերը բացառելու և/կամ կանխարգելելու նպատակով:

Ձևավորվել և գործարկվել է «Էլեկտրոնային կենսաթոշակ» կենտրոնացված տեղեկատվական շտեմարանը:

Հաշմանդամություն ունեցող անձանց խտրականության բացառման նպատակով մշակվել և ՀՀ կառավարություն է ներկայացվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Մշակվել է նախագիծ, որը նախատեսում է թափառաշրջիկ և մուրացիկ երեխաների խնդիրների լուծման համար աշխատանքային խմբի ստեղծումը:

2012 թվականին պատրաստվել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության առաջին զեկույցը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել