ՃՈ-ի սխալն ու վարորդի անփութությունը: Ի՞նչ է լինում, երբ ԱՊՊԱ կտրոնները շփոթում ես

Էլեոնորա Ղալեչյանը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության՝ 2011թ. նոյեմբերի 23-ի թիվ ԱԳ 700580 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Հայցվորը, դիմելով դատարան, հայտնում է, որ ինքը և իր ամուսինը` Արմեն Վոլոդյայի Հակոբյանը, ունեն ավտոմեքենաներ։ Ամուսինը վարում է «Կիա Սպորտեյջ» մակնիշի XXX պետհամարանիշով ավտոմեքենան, իսկ ինքը` «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի XXX պետհամարանիշով ավտոմեքենան։ Իր որդին` Ա. Հակոբյանը 2011 թվականի հոկտեմբերի 19-ին իրականացրել է «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ապահովագրությունը, ինչի կապակցությամբ տրվել է թիվ SH 195655 վկայագիրը։ Իր ամուսինը դեռևս 2010 թվականին իրակացրել է «Կիա Սպորտեյջ» մակնիշի ավտոմեքենայի ապահովագրությունը։

2011 թվականի նոյեմբերի 23-ին իր որդին` Արամ Հակոբյանը, վարել է «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, ստուգման ընթացքում տեսուչի պահանջով որդին ցույց է տվել ապահովագրության կտրոնը, սակայն մինչ այդ տեղի էր ունեցել թյուրիմացություն, և ավտոմեքենաների ԱՊՊԱ կտրոնները շփոթմունքով «Կիա Սպորտեյջ» ավտոմեքենայինը դրվել էր «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի մեջ, սակայն տեսուչը կազմել է ակտ։ Երբ տեսուչները կանգնեցրել են, չեն հավատացել, որ իրենք ԱՊՊԱ ունեն, իր որդին պարզաբանել է ստեղծված իրավիճակը, խնդրել է, որ տեսուչը սպասի, որպեսզի տանից բերի, սակայն վերջինս չի սպասել։

Փաստորեն, տեղի ունեցած իրավիճակի պատճառով հայցվորը ենթարկվել է վարչական պատասխանատվության` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1291 հոդվածի 2-րդ մասով` կեղծ ԱՊՊԱ կտրոնով ավտոմեքենա վարելու համար։

Դատարանի գնահատմամբ, հոդվածի դրույթը պետք է մեկնաբանվի այնպես, որ տվյալ տրանսպորտային միջոցի համար ԱՊՊԱ կտրոնի բացակայության դեպքում է, որ այդ տրանսպորտային միջոցը վարվում է այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով։ Այսինքն` ՎԻՎ օրենսգրքի 1291 հոդվածի 2-րդ մասը հայցվորի նկատմամբ կիրառելի կլիներ միայն այն դեպքում, եթե խախտումն արձանագրելու պահին նրա կողմից վարվող «Ֆոլսկվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան չունենար ԱՊՊԱ կտրոն։ Սակայն այդ մեքենան համապատասխան կտրոն ունեցել է, միայն թե այն այդ մեքենայի վրա փակցված չի եղել, այլ փակցված է եղել հայցվորի ընտանիքին պատկանող մյուս` «Կիա Սպորթեյջ» մակնիշի ավտոմեքենայի վրա։

Մինչդեռ այդ հանգամանքը կամ հայցվորի կողմից անփութության հետևանքով թույլ տրված սխալը պարզելու փոխարեն, պատասխանող կողմն անմիջականորեն իրավախատման փաստն արձանագրելուն պես հայցվորին տուգանել է` այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով երթևեկելու համար։

Դրանից հետևում է, որ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնը մեկ այլ տրանսպորտային միջոցի համար օգտագործելը վարչական իրավախախտում կարող է համարվել միայն այն դեպքում, եթե այդ տրանսպորտային միջոցը ինքը ԱՊՊԱ կտրոն չունի։

Քանի որ ըստ սույն գործի փաստերի հայցվորի կողմից վարվող «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի մեքենան ԱՊՊԱ կտրոն ունեցել է, որը պատասխանող կողմը չի պարզել, ուստի այդ հանգամանքը պարզելուց հետո, պատասխանող կողմը հայցվորին պետք է վարչական պատասխանատվության ենթարկեր, ոչ թե ՎԻՎ օրենսգրքի 1291 հոդվածի 2-րդ մասով նախատեսված, այլ նույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքի համար, այն է` «Ֆոլկսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի ԱՊՊԱ կտրոնը այդ մեքենայի դիմապակու վրա փակցված չլինելու համար։

Դատարանը վճռեց Էլեոնորա Ղալեչյանի հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության` 2011թ. նոյեմբերի 23-ի թիվ ԱԳ 700580 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, բավարարել։ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը որոշեց պատասխանողի կողմից բերված վերաքննիչ բողոքը մերժել և վարչական դատարանի վճիռը թողնելով անփոփոխ։

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել