Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը

Հունիսի 25-ին կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 22-րդ միջոցառումը։

ԹԱՐՄԱՑՈւՄ․ Նոր միջոցառման շրջանակներում online.ssa.am կայքէջում էլեկտրոնային դիմումները կարող են ներկայացվել 2020 թվականի հուլիսի 1-ից։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՔՍԱՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին:
2. Միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի, ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի և շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային և ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առևտրային կոոպերատիվների, կուսակցությունների) 2020 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում և այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի:
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
4. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.
2) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա.
3) 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել.
4) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշումով սահմանված միջոցառման շահառու։
5. Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը:

Միանվագ աջակցությունը կնշանակվի և կվճարվի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ ծառայություն)՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի N 1676-Ն որոշմամբ հարկային մարմնից ստացված տվյալները՝ 2020 թվականի հունիսի 1-ի դրությամբ անձանց աշխատանքային հարաբերությունների վերաբերյալ (այդ թվում՝ մինչև 2020 թվականի հունիսի 4-ը հարկային մարմին ներկայացված)։

Սույն կարգի իմաստով աշխատանքից ազատվելու փաստը հաստատվում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական շտեմարանում 2020 թվականի հունիսի 8-ի դրությամբ առկա տվյալների միջոցով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:

Աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը հաշվարկվում է 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատողի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների հանրագումարը երկուսի բաժանելու միջոցով։

Ծառայությունը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N ***-Լ որոշման դրույթները, կձևավորի վճարման ցուցակ։

Ընդ որում`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 25-ի N ***-Լ որոշման և սույն կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող (քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա կատարվող աշխատանքը և մատուցող ծառայությունը չի համարվում վարձու աշխատանք), իսկ այդ պայմանագրի հիման վրա ստացած եկամուտը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումներում չի հաշվառվում.
2) աշխատանքից ազատված անձը վճարման ցուցակում ներառվում է նաև այն դեպքում, երբ նրա համար 2020 թվականի հունվար և փետրվար ամիսներին աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ չի հաշվարկվել։

Միանվագ աջակցությունը կվճարվի անկանխիկ եղանակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 1.1-ին ենթակետով երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու համար սահմանված կարգով՝ այդ հավելվածի 18-րդ կետում նշված համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր) կնքած բանկերի միջոցով։ Ընդ որում, եթե միանվագ աջակցության գումարը բանկին փոխանցելու ամսվան հաջորդող 3 ամսվա ընթացքում անձը բանկին չի ներկայացնում գումարը ստանալու պահանջ, ապա գումարն վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել