Հայհոյանքներ գրող կինը այսօր երեխա է դաստիարակում․ առաջինը դրա մասին է պետք մտածել․ մանկավարժը՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին

Մայիսի 11-ին Ազգային ժողովն ընդունեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը հայտնի է նաև Լանզարոտեի կոնվենցիա անվամբ։  Կոնվենցիայի 6-րդ հոդվածը, որն ամենաշատը քննադատության արժանացավ, նպատակ ունի տրամադրել երեխային իր տարիքին և կարողություններին համապատասխան գիտելիք։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 31-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է կոնվենցիային և նշել է, որ կոնվենցիայի 50 հոդվածներից 49-ը որևէ առնչություն չունեն կրթությանը և նախատեսված են մանկապիղծների դեմ պայքարը խստացնելուն։

«Կոնվենցիայի 1 հոդվածն է վերաբերում կրթությանը և շատերը ասում էին՝ սա վերաբերում է սեռական դաստիարակությանը։ ․․․Սեռական դաստիարակության հետ կապված բոլոր պնդումները սուտ են։ Սուտ են նաև դասագրքերի և նոր ծրագրերի հետ կապված պնդումները։ Կոնվենցիան կոչ է անում, որ մենք ընդհանուր բնույթի տեղեկություններ տանք երեխաներին, որ նրանք ճանաչեն բռնությունը և կարողանան պաշտպանվել»,-նշում է Արայիկ Հարությունյանը։

Կոնվենցիայի վերաբերյալ մտահոգություններ կան նաև ուսուցիչների շրջանում։ Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցիչ Մանուշակ Ստեփանյանը Իրավաբան․net-ի հետ զրույցում նշում է, որ մտահոգություն առաջացրեց այն, որ պրոցեսը գաղտնի էր։

«Չեղան քննարկումներ ուսուցիչների և ծնողների հետ։ Ազգային ժողովում էլ հարցը լայն արձագանք չստացավ, մենք էլ դրա մասին իմացանք միայն վավերացումից և հետո տեղի ունեցած քննարկումներից հետո։ Ոչ ոք չի հերքում, որ կոնվենցիան կարող է լավ կողմեր ունենալ, բայց այս գաղտնիությունը մեզ լարում է»,-նշում է նա։

Խոսելով կոնվենցիայի կետերի իրագործման, մասնավորապես սեռական կողմնորոշման վերաբերյալ երեխային ընդհանուր գիտելիքներ տալու մասին, տիկին Ստեփանյանը նշեց, որ անհասկանալի է, թե դա ինչպես է արվելու։

«Նշվում է, որ դա առանձին անձ պետք է իրականացնի, որը կունենա համապատասխան հմտություններ՝ այդ թեմաների շուրջ երեխաների հետ խոսելու համար։ Այսինքն, առանձին միջոցներ են տրամադրվելու նման մասնագետների նախապատրաստման համար, այն ինչ, կարելի էր զարգացնել ծնողի և մանկավարժի ինստիտուտը։ Մանկավարժներ պատրաստելիս պետք է հաշվի առնել, որ դպրոցում սովորող երեխան մի շարք հարցեր է ունենում սեռահասունացման վերաբերյալ։ Անհրաժեշտ հմտություններ համալսարանում ստանալու դեպքում՝ ուսուցիչը կիմանա, թե ինչպես պետք է խոսի երեխայի հետ։ Այս հմտությանը պետք է տիրապետեն բոլոր մանկավարժները, ոչ թե դրա համար առանձին մասնագետներ պատրաստվեն։ Մեր դերը բա էլ ինչո՞ւմն է։ Միայն դասը անցկացնելը և դասարանից դուրս գա՞լը։ Չէ որ դպրոցում մենք քաղաքացի ենք ձևավորում, մարդ ենք ձևավորում»,-նշում է Մանուշակ Ստեփանյանը։

Նա կարծում է, որ այսօր ընտանիքի ինստիտուտը կայացնելը ավելի կարևոր գործ է։ Շատ դեպքերում ծնողները հենց իրենք են վատ օրինակ ցույց տալիս իրենց երեխաների համար և դառնում նրանց կյանքում խնդիրների պատճառ․ «Այսօր ես համացանցում մեկնաբանություններ եմ տեսնում, որոնք գրում են երեխա ունեցող անձինք ու մտածում եմ՝ այդ հայհոյանքները գրող կինը այսօր երեխա է դաստիարակում։ Ծնողը պետք է զբաղվի իր երեխայի դաստիարակությամբ, իսկ դպրոցում դրանով պետք է զբաղվի մանկավարժը»,-նշում է նա։

«…Նախքան Ազգային ժողովի կողմից օրենքի ընդունումը Սահմանադրական դատարանը քննել և իր 2020թ. մարտի 31-ի որոշմամբ արձանագրել է, որ Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: ՀՀ նախագահի աշխատակազմ

Ուսուցիչը համոզված է, որ ծնողի կամ մանկավարժից սեռական բռնության վերաբերյալ տեղեկություններ ստանալը ավելի արդյունավետ կարող է լինել վերջինիս համար։

«Երեխան չի լսելու այդ 45 րոպեանոց դասը և հասկանա, թե ինչ պետք է անի կյանքում։ Երեխան ավելի երկար ժամանակ անցկացնում է հասարակության մեջ։ Ո՞րն է ավելի ազդեցիկ, 45 րոպեանոց դասը, թե հայհոյախառը 1 ժամանոց բազմասերիանոց ֆիլմը։ Այսօր մեր հեռուստաեթերը լցված է աղբով։ Էկրանին ոտնահարվում է ոչ միայն երեխայի, այլ նաև կնոջ, տղամարդու իրավունքը, սերիալներում գերակշռում են ընտանեկան բռնության տեսարանները։ Այստեղից պետք է սկսել։ Մեր էկրանում այն իրականությունն է, որում ապրում ենք մենք։ Դա պետք է փոխել, ոչ թե նոր խնդիրներ բերել, որոնք պետք է սկսենք լուծել՝ առանց նախկինները ավարտելու»։

Օրինակ՝ դպրոցում «Դասղեկի ժամ» գոյություն ունի, նշում է Մանուշակ Ստեփանյանը և հավելում, որ դասղեկները ոչ թե մատյանում թեմաներ լրացնելով պետք է զբաղվեն, այլ պետք է անհատապես ճանաչեն իրենց դասարանի երեխաներին, զբաղվեն նրանց մտահոգող հարցերով, որոնց թվում կարող է լինել նաև սեռահասունացման, սեռական բռնության թեման։ Պետք է սկսել բռնության նկատմամբ երեխաների վերաբերմունքի փոփոխությանը․ «Դրսում ման ես գալիս, տեսնում ես ծնողը երեխային ասում է՝ որ քեզ բան ասեն, քարը կվերցնես կտաս գլխին։ Այս ամենից հետո ինչ կարող է անել 45 րոպեանոց դասաժամը»,-նշում է մանկավարժը։

Ուսուցիչը այս գործում կարևոր է համարում նաև հասարակության համախմբումը։ Դասարանի ծնողները պետք է գիտակցեն, թե որն է ճիշտ իրենց երեխաների համար։ Գուցե անհրաժեշտություն կա ծնողավարության դասեր անցկացնել, ոչ թե երեխաների համար նոր դասաժամ սահմանել։

«Մի դասարանում աշակերտ եմ ունեցել, որը «էմո» շարժման մեջ էր ուզում մտնել։ Այդ երեխան 3 անգամ ինքնասպանության փորձ էր արել։ Ծնողական ժողով հրավիրվեց, այլ աշակերտների ծնողները կոչ էին անում նրան հեռացնել դպրոցից, քանի որ «կարող էր նրանց երեխաներին էլ շեղել»։ Ժողով եմ արել, ասում եմ՝ փոխանակ հավաքվենք ու օգնենք այդ երեխային, որ ինքն իրեն միայնակ չզգա, ուզում եք ավելի վանել նրան։ Միայնակ ու մեկուսացած երեխան օգնություն է փնտրում հենց այդպիսի խմբավորումներում։ Ինքը շատ լավ ընտանիքի երեխա էր, ուղղակի ծնողները աշխատում էին և աչքաթող էին արել երեխային»,-նշում է Մանուշակ Ստեփանյանը։

«Նախագահը համագործակցության կոչ է անում բոլոր շահագրգիռ մարմիններին, կազմակերպություններին և անձանց, այդ թվում նաև՝ իրենց մտահոգություններն ու առաջարկությունները նախագահի աշխատակազմ ներկայացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու միջոցով: Այս գործընթացում Հանրապետության նախագահը կարևորում է Կոնվենցիայի կատարման նկատմամբ յուրաքանչյուրի ուշադրությունը և դրա նկատմամբ հանրային հսկողությունը, ինչը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն է»: ՀՀ նախագահի աշխատակազմ

 Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել