Lրատվամիջոցները և սոցցանցերի օգտատերերը, որոնք հրապարակել են երեխայի անձնական տվյալները, պետք է ապանձնավորեն դրանք․ Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

«2020 թվականի մայիսի 25-ին Facebook սոցիալական ցանցի իր էջում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկություններ է գրել երեխաների աջակցության կենտրոն տեղափոխված 7-ամյա երեխայի մասին. պատգամավորի հրապարակումը տարածվել է տարբեր առցանց լրատվամիջոցների կողմից: Նաիրա Զոհրաբյանը նաեւ նշել է իր հրապարակումից մեկ օր առաջ համացանցում երեխայի պատմությունը հրապարակված լինելու մասին: Առանձին առցանց հարթակների կողմից տարածվել են նաեւ երեխայի լուսանկարը եւ տեսագրությունը:

Պետք է նշել, որ հրապարակվել են երեխային նույնականացնող եւ անձնական կյանքի դրվագներ բացահայտող տվյալներ՝ անունը, ազգանունը, տարիքը, բնակության վայրը (ոչ հասցեն), երեխայի լուսանկարը եւ տեսագրությունը, երեխայի կյանքի դրվագներ, որոնք առերեւույթ զգայուն են եւ կարող են բացասաբար անդրադառնալ երեխայի կյանքի վրա ինչպես անչափահասության ընթացքում, այնպես էլ հետագայում, այդ թվում՝ մոռացված լինելու իրավունքի տեսանկյունից (անձնական կյանքին միջամտությունը կապված է նաեւ համացանցի առանձնահատկությունների հետ՝ հաշվի առնելով, որ համացանցը չի ճանաչում տարածքային եւ ժամանակային սահմանափակումներ եւ մեկ անգամ համացանցում հրապարակված տվյալներն այնտեղ ըստ էության մնում են եւ հասանելի են միշտ):

Գործակալությունը մտահոգություն է հայտնում երեխայի անձնական կյանքի վերաբերյալ նման ծավալով տվյալներն անձնավորված հրապարակելու կապակցությամբ եւ կոչ է անում երեխայի տվյալները հրապարակել երեխայի լավագույն շահի սկզբունքը հաշվի առնելով միայն բացառիկ դեպքերում, երբ նման միջամտությունն անհրաժեշտ է երեխայի այնպիսի շահի պաշտպանության համար, որն իր էությամբ գերակշռում է անձնական կյանքի անձեռնմխելիության եւ անձնական տվյալների պաշտպանության իրավունքի նկատմամբ (օրինակ, կյանքի կամ առողջության պաշտպանության համար), եւ սպառվել են այլ, ավելի նվազ միջամտող միջոցները: Ընդ որում, երեխայի տվյալների հրապարակման յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հավաստիանալ, որ դա իրականացվում է երեխայի գերակա շահի պաշտպանության համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր միջոցներով՝ այն նվազագույն քանակով եւ նվազագույն ժամկետով, որն անհրաժեշտ է երեխայի լավագույն շահի պաշտպանության համար:

Այս առիթով Գործակալությունը վերահաստատում է երեխաների անձնական տվյալների հրապարակման վերաբերյալ 2016 թվականի մարտի 21-ի իր խորհրդատվական որոշմամբ արտահայտած դիրքորոշումը, այն է՝ գտնում է, որ երեխայի անձնական տվյալներ մշակողները, այդ թվում՝ պետական մարմինները (պաշտոնյաները) եւ լրատվամիջոցները պետք է ստանձնեն հետեւյալ նվազագույն պարտականությունները եւ
• երեխաների տվյալների հետ վարվելիս իրենց գործունեությունը կազմակերպեն՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության, «Երեխաների իրավունքների մասին» կոնվենցիայի, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի վերաբերելի դրույթները՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված անձնական տվյալների մշակման սկզբունքները, անձնական տվյալները հրապարակեն միայն օրինական նպատակով՝ նպատակին հասնելու համար պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր ծավալով,
• երեխաների անձնական տվյալներ հրապարակելիս ցուցաբերեն հատուկ զգուշավորություն երեխաներին չվնասելու համար՝ օգտագործելով անձնական տվյալներն ապանձնավորելու միջոցներ (փոխել երեխայի անունը, օգտագործել միայն անվան առաջին տառերը, փակել լուսանկարում երեխայի դեմքը եւ այլն),
• երեխաների անձնական տվյալները հրապարակել միայն այն բացառիկ դեպքերում, երբ հրապարակումը խիստ կարեւոր է երեխայի լավագույն շահը պաշտպանելու համար եւ ապանձնավորված կերպով հնարավոր չէ հասնել այդ նպատակին,
• Գործակալությունն ակնկալում է նաեւ, որ բոլոր այն լրատվամիջոցները եւ սոցիալական ցանցերի օգտատերերը, որոնք հրապարակել են երեխայի անձնական տվյալները, կապանձնավորեն (անհինարինության դեպքում՝ կհեռացնեն) դրանք:

Առաջարկում ենք ծանոթանալ նաեւ երեխաների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ Գործակալության մշակած ուղեցույցին՝ https://www.unicef.org/armenia/media/2761/file»,-նշված է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել