Ապրիլի 29-ի ժամը 10:00-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի վարակի 6 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր դեպքերի քանակը երկրում կազմում է 517․ ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում։ Այս մասին գրում է Aliq.ge-ն։
Վրաստանում կորոնավիրուսից բուժվել է 168 մարդ, մահացել՝ 6-ը:
Այս պահի դրությամբ կարանտինային գոտում է գտնվում 5153 քաղաքացի, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 549 պացիենտ: Արտերկրից կորոնավիրուսով վարակված 3 քաղաքացի է տեղափոխվել Վրաստան` բուժվելու նպատակով:
Պարբերականի փոխանցմամբ, Վրաստանի վարչապետի ապարատի ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին Rustavi 2-ի եթերում խոսել է պարետային ժամի վերացման մասին: Նրա խոսքով կառավարության ծրագրում չեն ներառվել պարետային ժամի, ինչպես նաև հանրային տրանսպորտի սահմանափակումների վերացման կոնկրետ ժամկետները, քանի որ դրանք կախված են համաճարակային իրավիճակի հետ:
«Այս ամենը կմնա ուժի մեջ արտակարգ դրության ժամկետով: Ինչպես գիտենք արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը ներառյալ, ինչը նշանակում է, որ այս ընթացքում կգործեն բոլոր այն սահմանափակումները, որոնք չեն վերացվել ապրիլի 27-ին: Պարետային ժամի և հանրային տրանսպորտի սահմանափակման նպատակը փողոցներում հավաքվելու նվազեցումն է»,- հայտարարել է Մեզվրիշվիլին:
Մեզվրիշվիլին նաև հավելել է, որ եթե փոխվի համաճարակային իրավիճակը, հնարավոր է, պարետային ժամի և հանրային տրանսպորտի սահմանափակումների վերացումը ավելի շուտ տեղի ունենա: