ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Սպիտակ տան կայքում հրապարակված ուղերձը ներկայացված է ստորև․
«Այսօր մենք միանում ենք համաշխարհային հանրությանը՝ ոգեկոչելու նրանց հիշատակը, ովքեր կորցրին իրենց կյանքը 20-րդ դարի զանգվածային ամենասարսափելի վայրագություններից մեկի՝ Մեծ եղեռնի ժամանակ։ Սկսած 1915-ից՝ Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին 1,5 մլն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ քշվեցին մահվան քարավաններ։
Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց, ովքեր տառապեցին և կորցրին իրենց կյանքը, միևնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր հանձնառությունը կառուցելու ավելի մարդասեր և խաղաղ աշխարհ։
Ամեն տարի՝ ապրիլի 24-ին, մենք անդրադարձ ենք կատարում հայ և ամերիկացի ժողովուրդների միջև ամուր և հարատև կապերին։ Մենք հպարտ ենք Հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեների հիմնադիրներով՝ նորարար մի նախաձեռնություն, որը հիմնադրվելով 1915-ին՝ կենսական մարդասիրական օգնություն տրամադրեց հայ փախստականներին։ Նաև՝ երախտապարտ ենք հազարավոր ամերիկացիներին, որոնք կամավորագրվեցին և օգնության ձեռք մեկնեցին իրենց տներից արտաքսված հայերին։
Այս օրը մենք նաև ականատես ենք հայ ժողովրդի ուժին ու պատուհասած ողբերգությանը ցուցաբերած դիմադրությանը։ Մենք երջանիկ ենք նրանով, որ այդքան շատ հայեր իրենց հարուստ մշակույթն են բերել մեր ափեր և այդքան մեծ ներդրում են ունեցել մեր երկրում, նրանց թվում՝ շքանշանակիր զինվորականներ, անվանի արտիստներ, հայտնի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ։
Մենք ողջունում ենք հայերի և թուրքերի ջանքերը ճանաչելու և առերեսվելու իրենց ցավոտ պատմության հետ։ Այսօր մենք հավատացած ենք, որ մեր պարտավորությունն է հիշել նրանց, ովքեր տառապել են և զոհվել, ինչպես նաև վերահաստատել մեր հանձնառությունը պաշտպանելու կրոնական և ազգային խոցելի փոքրամասնություններին ամբողջ աշխարհում»։