Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագման միակ հիմքը սեփականատիրոջ հետ կնքված պայմանագիրն է

Քաղաքացիներ Մարիաննա և Նաիրա Վարդանյանները, դիմելով դատարան, հայտնել են, որ իրենք հարազատ քույրեր են, Ելիզավետա Գասպարյանն իրենց մայրն է, իսկ պատասխանող Արմեն Վարդանյանը` խորթ հայրը:

Ելիզավետա Գասպարյանի եղբոր` Ռոբերտ Գասպարյանի միջոցներով 13.08.2001 թվականին գնվել է Երևան քաղաքի Կասյան փողոցի 1 շենքի թիվ 28 բնակարանը:

Բնակարանը ձևակերպվել է միայն Ելիզավետա Գասպարյանի և Արմեն Վարդանյանի անվամբ, քանի որ բնակարանի ձեռքբերման ժամանակ իրենք եղել են անչափահաս:

Բնակարանի ամբողջ արժեքը` 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարը, Ելիզավետա Գասպարյանի եղբայր Ռոբերտ Գասպարյանը հատկացրել է որպես նվեր` Ելիզավետա Գասպարյանին և նրա զավակներին` բնակարան գնելու նպատակով:

Իրենք բնակարանի ձեռք բերման օրվանից մինչ օրս բնակվում են այնտեղ:

Հաշվի առնելով վերոգրյալը խնդրել են ճանաչել իրենց օգտագործման իրավունքը Երևան քաղաքի Կասյան փողոցի 1 շենքի թիվ 28 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ:

Պատասխանող Արմեն Վարդանյանը առարկել է հայցապահանջի դեմ և հայտնել, որ իր և Մարիաննա ու Նաիրա Վարդանյանների միջև առկա չէ նոտարական վավերացմամբ որևէ պայմանագիր, որի հիման վրա կառաջանա բնակելի տարածության օգտագործման իրավունքը
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի համաձայն` անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:

Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձի հետ առանց սեփականատիրոջ համաձայնության կարող են բնակվել նաև իր ընտանիքի անդամները (ամուսինը, անչափահաս երեխաները):

Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագրով: Բնակելի տարածության օգտագործման իրավունքը ծագում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով այդ իրավունքի գրանցման պահից:

Վերլուծելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը` դատարանը փաստում է, որ օրենսդիրը բնակարանի նկատմամբ օգտագործման իրավունքի ծագման հիմք է նախատեսել միայն նոտարական կարգով վավերացված գրավոր պայմանագիրը:

Դատարանը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայցվորները պատասխանող Արմեն Վարդանյանի հետ չունեն նոտարական կարգով վավերացված պայմանագիր, գտել է, որ նրանց հայցն անհիմն է և ենթակա մերժման:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել