Իմ գտնվելու վայրը հայտնի է. հետախուզման մեջ գտնվող ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանի հայտարարությունը

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայտնում եմ, որ ինձ որպես մեղադրյալ ներգրավելու, հետախուզում հայտարարելու մասին տեղեկացել եմ շատ պատահական միայն 09.04.2020 թվականին մամուլի հրապարակումներից, ինչը ինձ համար շատ անսպասելի է, քանի որ նույնիսկ տեղեկացված չեմ եղել իմ դեմ քրեական գործ հարուցված լինելու մասին: Թեև տևական ժամանակ բացակայում եմ Հայաստանից, սակայն պնդում եմ, որ իմ գտնվելու վայրը հայտնի է, ոչ թե «անհայտ» ինչպես տարածվել է իրավապահների մամուլի հաղորդագրության մեջ, ավելին՝ անընդունելի է, որ միայն Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվելը իրավապահների և դատարանի կողմից հիմք է ընդունվել ինձ հետախուզելու և կալանավորման որոշում կայացնելու համար: Որևէ անգամ ծանուցագիր չի ուղարկվել Հայաստանի իմ հաշվառման հասցե, տվյալ հասցեում ապրում է իմ մայրը, իրավապահները մուտքի դուռը անգամ չեն թակել և չեն հարցրել իմ գնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ, ավելին՝ իմ Հայաստանյան բջջային հեռախոսահամարը մշտապես հասանելի է եղել, ինձ անգամ զանգով չեն հրավիրել, որ չներկայանամ: Բոլոր հետաքրքրվողները կարող են անձամբ տեսնել,որ սոցիալական ցանցերում ակտիվ եմ, նույնիսկ պարբերաբար արել են հրապարակային հայտարարություններ, սակայն այդ կապի միջոցով նույնիսկ չեմ տեղեկացվել քննչական մարմին ներկայանալու անհրաժեշտության մասին: Գտնում եմ, որ ձեռնարկված քրեական հետապնդումը և ընտրված բիրտ գործիքակազմը իրավական չէ, դրա տակ այլ միտում եմ տեսնում, ինչը կապված է իմ անվան և շրջապատի հետ: Նկատի ունենալով, որ հավուր պատշաճի ծանոթ չեմ ինձ մեղսագրվող արարքին, մեղադրանքի բովանդակության վերաբերյալ դեռևս մեկնաբանություն չեմ կարող տալ, սակայն խնդիրը արդեն իսկ քննարկել և լիազորել եմ փաստաբանիս հետ այս փուլում մեզ հասանելի փաստաթղթերին ծանոթանալու համար և դրանից բխող գործողություններ անելու համար»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունում իրականացված ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում ուշադրության է արժանացել «Hetq.am» կայքում 26.02.2020թ. հրապարակված «Նախկին պատգամավոր Ա․ Գ.-ն վաճառել է ամերիկյան բնակարաններն ու 1.5 մլն դոլարով առանձնատուն գնել Գլենդելում» վերտառությամբ հոդվածը: ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության կողմից հրապարակումն ուղարկվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ այդ առթիվ քրեական դատավարության օրենքով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ: Այս մասին հայտնում են դատախազությունից։

Իրականացվող նախաքննության ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ առ այն, որ 5-րդ և 6-րդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր Ա. Գ.-ն, 2012-2019թթ. ընթացքում «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հանդիսանալով հայտարարատու պաշտոնատար անձ, ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր 2017 և 2018 թվականների գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագրերում թաքցրել է ԱՄՆ-ում իրեն պատկանող առանձնապես խոշոր չափերով երեք անշարժ գույքի, մասնավորապես 2011թ. ապրիլի 6-ին 490.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած Լոս Անջելեսի Վուդլենդ Հիլսում, 2015թ. օգոստոսի 10-ին 520.000 ԱՄՆ դոլարով ձեռք բերած՝ Գլենդեյլի Քեմփբլ փողոցում, 2016թ. հունիսի 2-ին ձեռք բերած Վելլի Վիլիջ թաղամասի Ուիթսեթ ավենյուում գտնվող շենքերի բնակարանների, ինչպես նաև մի ընկերությունում 100 տոկոս բաժնեմաս ունենալու վերաբերյալ հայտարարագրման ենթակա տվյալները:

Ա. Գ.-ն ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր՝ 2018թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց, ինչպես նաև 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ հայտարարագրում անփոփոխ հայտարարագրել է 50մլն ՀՀ դրամ, 1.6մլն ԱՄՆ դոլար և 150.000 Եվրո:

Մինչդեռ 2019թ. հունվարի 10-ին նա 1.525.000ԱՄՆ դոլարով, որի մի մասը՝ վարկային միջոցներով, ԱՄՆ-ում՝ մասնավորապես Գլենդեյլում, ձեռք է բերել առանձնատուն, ինչի մասին հայտարարագրման ենթակա տվյալը թաքցրել է 2019թ. հունվարի 14-ին պաշտոնից ազատվելուց հետո պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ առկա գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց վերաբերյալ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած իր հայտարարագրում:

Այսինքն Ա.Գ.-ն չի հայտարարագրել 1մլն ՀՀ դրամը գերազանցող հիշյալ անշարժ գույքը և հաշվետու ժամանակահատվածում ապօրինի հարստացել է, քանի որ 2019թ. հունվարի 10-ին ԱՄՆ-ում հիշյալ առանձնատան ձեք բերումով նրա գույքի ավելացումն էականորեն գերազանցել է նրա՝ վերը նշված հայտարարագրերում արտացոլված օրինական եկամուտները և ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով:

Նշվածի հիման վրա վարույթն իրականցնող մարմինը որոշում է կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 314.1-րդ հոդվածի 2-դ մասով և 310.1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքներն առերևույթ կատարելու համար ԱԺ նախկին պատգամավոր Ա. Գ.-ին ներգրավվել որպես մեղադրյալ:

Նկատի ունենալով, որ մեղադրյալը 2019թ. փետրվարի 29-ից ՀՀ-ում չէ, հայտնի չէ նրա գտնվելու վայրը և հնարավոր չի ապահովել նրան նախաքննական մարմնին ներկայացնելը, ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից Ա.Գ.-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել