Գնային փոփոխություններ չեն լինի, խուճապահար գնումներ անելու անհրաժեշտություն չկա․ ՏՄՊՊՀ նախագահ

ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը այսօր՝ մարտի 2-ին, մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է կորունավիուսի առաջին դեպքի հետ կապված հանրության մոտ ստեղծված խուճապային իրավիճակին:

«Երեկ տեսանք, որ քաղաքացիները խուճապահար վիճակով որոշ խանութներից գնումներ են անում: Դրա անհրաժեշտությունը ընդհանրապես չկա: Օրինակ՝ շաքարավազի ծավալը այնքան շատ է, որ կբավականացնի դեռևս 1 տարի: Մենք ունենք նաև մեծ քանակի տեղական արտադրություն և պահեստներում մեծ քանակի շաքարավազ, նույնը նաև ալյուրի մասին է: Կարծում եմ նմանատիպ ծավալի  գնումները անտեղի են և կոչ եմ անում քաղաքացիներին նման գործողությունների չդիմել, որովհետև որևէ ապրանքի գծով այս պահին որևէ անհանգստացնող վիճակ չունենք »,- նշեց Գեղամ Գևորգյանը։

ՏՄՊՊՀ նախագահը նշում է, որ իրենք  չեն կարող ՀՀ-ում գործող բոլոր փոքրիկ խանութներում վերահսկել իրավիճակը, բայց հավաստիացրեց, որ բոլոր խոշոր խանութներում իրավիճակի հետ կապված գնային փոփոխություններ տեղի չի ունենա:

Գեղամ Գևորգյանը  անդրադարձավ նաև Իրանից ներկրվող ապրանքների սահմանափակման խնդրին։

«ՊԵԿ-ի և Էկոնոմիկայի նախարարոոթյան մեր գործընկերների հետ համագործակցում ենք և ունենք Իրանից ներկվող ապրանքների ցանկը, որպեսզի գնահատենք, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ շուկայի վրա: Իրանից չկա այն ծավալով ներկրվող ապրանք, որը կարող է շուկայում դիֆիցիտ կամ խոչընդոտ առաջացնել, նույնիսկ դիզելի պարագայում դրա ծավալն այնքան չէ, որ մենք խնդիր ունենանք»:

Նա կոչ արեց  պատկան մարմիններին և լրատվամիջոցներին՝ առանց հավաստի աղբյուրների չխոսել դիֆիցիտի կամ արհեստական դիֆիցիտի մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել