Ի՞նչ կենսագրություն ունի Ռազմիկ Աբրահամյանը

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու գործով մեղադրանք առաջադրվել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին։

Նշենք, որ դատարանը մերժել է քննչական կոմիտեի միջնորդությունը վերջինիս կալանավորելու վերաբերյալ:

Իրավաբան.net-ը ներկայացնում է բժշկի կենսագրությունը։

Ռազմիկ Աբրահամյանը ծնվել է 1943 թվականի օգոստոսի 24-ին, Ախալքալաքի շրջանում Սուլդա գյուղում։

1960 թվականին ավարտել է գյուղի միջնակարգ դպրոցը։ 1967 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը գերազանցության դիպլոմով։

1967-1971 թվականներին աշխատել է Վեդիում որպես բժիշկ, ապա՝ պոլիկլինիկայի վարիչ։ 1971-1975 թվականներին սովորել և աշխատել է Մոսկվայի մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ԳՀԻ-ում, որտեղ և պաշտպանել է թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունները։

1975 թվականին նշանակվել է Հանրապետական կլինիկական հիվանդանոցի նոր բացված օպերատիվ գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ։ 1988 թվականին նշանակվել է իր կողմից վերոհիշյալ բաժանմունքի բազայի վրա հիմնադրած Հանրապետական կլինիկական ծննդատան գլխավոր բժիշկ՝ միաժամանակ համակարգելով հանրապետության շրջաններին մասնագիտական ծառայության տրամադրումը։ Միևնույն ժամանակ զբաղվում է գիտամանկավարժական գործունեությամբ՝ աշխատելով բժշկական ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում, որպես ասիստենտ, ապա դոցենտ։

1990 թվականին մրցույթային կարգով նա ընտրվում է ԵՊԲԻ նորաստեղծ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնի վարիչ։ Նույն թվին պաշտպանել է դոկտորական թեզը Ռուսաստանի Դաշնության ԲԳԱ Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտահետազոտական կենտրոնում և ստացել է ԵՊԲԻ-ի պրոֆեսորի կոչում։ 1992 թվականին հիմնադրել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության (ՀՀԱՆ) մանկաբարձագինեկոլոգիական ուսումնագիտաբուժական համալիրը, ապա 1993 թվականին ՀՀ Առողջապահության նախարության Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնը՝ միաժամանակ ղեկավարելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 2 ամբիոնը, որտեղ սովորում և մասնագիտանում են տեղաբնակ և արտասահմանցի ուսանողներ։

2002 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի խորհրդական՝ ծննդօգնության գծով և 1997 թվականին՝ ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ։

Ունի շուրջ 360 գիտական աշխատանք, որոնցից 90-ը տպագրվել են արտասահմանյան գիտական հանդեսներում, 5 դասագիրք, 9 ձեռնարկ, 3 մենագրություն, 8 գյուտ և հայտնագործություն։ Գիտական գործունեությունը նվիրված է մանկաբարձության և գինեկոլոգիայի բնագավառում ախտորոշման և թերապիայի հարցերի ուսումնասիրությանը>։

Ղեկավարել է 9 դոկտորական և 19 թեկնածուական ատենախոսություն։ Նրա ջանքերով ստեղծվել են մի շարք գործնական և գիտական ծրագրեր արտասահմանյան գործընկերների հետ։շ

Ռազմիկ Աբրահամյանն անդամ է բժշկական համալսարանի գիտական, ինչպես նաև ատենախոսությունների պաշտպանության մասնագիտացված և մի շարք ամսագրերի խորհուրդների, արտերկրյա գիտությունների ակադեմիաների ակադեմիկոս է, ինչպես նաև Մանկաբարձ-գինեկոլոգների և նեոնատոլոգների հանրապետական ասոցիացիայի նախագահն է։

Պարգևատրվել է՝

  • «Մալթյան Խաչ» XXI դարի առաջնորդ,
  • Մխիթար Հերացու մեդալ (2002),
  • Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ (2004),
  • Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ (2009)։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել