Ծխելն արգելվում է`
1) կրթական՝ ուսումնական, արտադպրոցական, մանկական, դաստիարակչական և այլ հաստատություններում.
2) մշակութային հաստատություններում՝ կինոթատրոններում, թատրոններում, մարզական տարածքներում, կրկեսում, համերգասրահներում, թանգարաններում, գրադարաններում, ցուցահանդեսներում, դահլիճներում, լսարաններում և մինչև 18 տարեկանների համար նախատեսված հանգստի և ժամանցի վայրերում.
3) առողջապահական հաստատություններում՝ հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ամբուլատորիաներում, առողջարաններում և առողջապահական այլ կազմակերպություններում.
4) բոլոր այլ հիմնարկների, կազմակերպությունների շենքերի տարածքներում, բացառությամբ դրա համար նախատեսված վայրերի.
5) այն վայրերում, որտեղ ծխելն արգելված է՝ համաձայն հրդեհային անվտանգության կանոնների.
6) քաղաքային տրանսպորտում և փոխադրամիջոցներում, ներառյալ` ավտոբուսները, երթուղային տաքսիները, գնացքները (բացառությամբ այդ նպատակով առանձնացված վագոնների), ինչպես նաև օդակայանները, ավտոբուսի և գնացքի կայարանները:
Նշված կազմակերպությունները տեսանելի վայրում ապահովում են ծխելու արգելքի մասին հայտարարություն, բացի այդ կազմակերպությունների ղեկավարները միջոցներ են ձեռնարկում բաց և (կամ) փակ տարածքներում ծխելու համար հատուկ հատկացված գոտիներ ստեղծելու ուղղությամբ և ապահովում են դրա մասին հայտարարությունը:
Տեսանելի վայրում հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու արգելքի վերաբերյալ հայտարարության բացակայությունն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հիմնարկների, կազմակերպությունների կողմից ծխելու համար առանձնացված հատուկ տարածքների և (կամ) այդ տարածքի վերաբերյալ հայտարարության բացակայությունն առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Նշված արարքն այն անձի կողմից կատարելը, որը նշված խախտումների համար վարչական տույժի է ենթարկվել երեք ամսվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Աղբյուրը` Իրավաբան.net