Այսօր` փետրվարի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց վկաների հարցաքննությունը խարդախության մեջ մեղադրվող Ալվարդ Հարությունյանի քրեական գործով:
Հարցաքննվեցին ևս մի քանի վկա, այդ թվում և Շիրակի մարզի Առողջապահության և սոցապահովության վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը, ում ամբաստանյալը ներքաշել էր իր հորինած պատմության մեջ: Իսկ հորինված պատմությունը ըստ տուժողի ցուցմունքի` 2000 ԱՄՆ դոլարի դիմաց վերջինիս որդու զինվորական ծառայությունը Հայաստանի սահմաններում ապահովելն էր` Հովհաննես Հովհաննիսյանի օգնությամբ:
Առողջապահության և սոցապահովության վարչության պետը` սույն գործով որպես վկա, ցուցմունք տվեց այն մասին, որ ամբաստանյալ Ալվարդ Հարությունյանը Շիրակի մարզպետարանի մշտական այցելուն է: Հովհաննես Հովհաննսիյանին բազմիցս է դիմել` որդուն անվճար դեղորայք տրամադրելու և օգնելու կապակցությամբ և ստացել է համապատասխան օգնություն:
Ամբաստանյալը նշեց, որ Հովհաննես Հովհաննիսյանը եղել և մնում է իր համար հարգված անձնավորություն, սակայն թե ինչու է ներքաշել վիջինիս անունը իր զավեշտալի պատմության մեջ, անտրամաբանական է:
Պարոն Հովհաննիսյանը սույն դեպքի առնչությամբ նշեց, որ ամբաստանյալ Ալվարդ Հարությունյանը դիմել է իրեն, որպեսզի ինքն աջակցի, որ տուժողի որդին չծառայի Լեռնային Ղարաբաղում, այլ` Հայաստանում: Պարոն Հովհաննիսյանն իր ցուցմունքում նշեց, որ ասել է եթե օրենքը թույլ է տալիս իրենց կողմից ներկայացված պայմաններում ծառայության անցնել ՀՀ-ում, ապա նա կփորձի օրենքի սահմաններում օգնել: Նշեց նաև, որ երբ իմացել է Ալվարդի հորինած պատմությունը, որ վերջինիս ներքաշել է իրեն, հորդորել է տուժողին` Հ. Ոսկանյանին, դիմել ոստիկանություն, քանզի վերջինս վախենալու ոչինչ չի ունեցել, որովհետև միշտ աշխատել է ազնիվ` օրենքի սահմաններում: Ավելացրեց, որ թեև ամբաստանյալի խոչընդոտներին, վերջինս չի ամաչում ի պաշտոնե, որ այսօր որպես վկա ցուցմունք է տալիս դատարանում և օգնում արդարադատությանը: Վկան մանրամասնորեն նշեց այն ամենը, ինչ տեղի էր ունեցել և անկաշկանդ պատասխանեց բոլոր հարցերին:
Դատարանը հայտարարեց, որ վկայակոչված վկաներից չեն ներկայացել երկուսը: Տուժողը վկաների բացակայության կապակցությամբ նշեց, որ ամբաստանյալը ճնշում է գործադրել վերջիններիս նկատմամբ, արդյունքում նրանք չեն ներկայացել դատարան: Դատարանը, հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը վկաներին բերման ենթարկելու համար և նաև այն, որ վերջիններս կանայք են, որոշեց ևս մեկ անգամ հրավիրել դատարան` չներկայանալու դեպքում նոր բերման ենթարկելու որոշում կայացնել:
Դատական նիստը հետաձգվեց սույն թվականի փետրվարի14-ին ժամը 15:00-ին:
Հանրային թղթակից` Լուսաբեր Տեր-Գևորգյան