Միջազգային արարողակարգի ամենատարրական կանոնների համաձայն, հանդիպումից առաջ բոլոր կողմերը հեռախոսներն անջատում են. Հակոբ Կարապետյանը՝ Աբու Դաբիի թագաժառանգի ընդունելության մասին

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը հայտնում է, որ ամիսներ առաջ քաղաքապետը և գլխավոր ճարտարապետն ընդունել են Աբու Դաբիից եկած հյուրերին պաշտոնական արարողակարգով, թեև, հյուրերի խնդրանքով հանդիպումը նշանակված էր կիրակի օրը:

«Եվ այսպես, ըստ արարողակարգի.

1. Հանդիպման նման մակարդակի դեպքում հյուրերը սպասում են հանդիպման սրահում, այնուհետ ներս է մտնում Երևանի քաղաքապետը, ողջունում է հյուրերին, հրավիրում նստելու և սկսում է հանդիպումը,

2. Եթե հյուրը լիներ, օրինակ, Դուբայի քաղաքապետը, Երևանի քաղաքապետն, ըստ արարողակարգի, կդիմավորեր հանդիսավոր կերպով՝ շենքի մուտքի մոտ, ուղեգորգի վրա,

3. Միջազգային արարողակարգի ամենատարրական կանոնների համաձայն, հանդիպումից առաջ բոլոր կողմերը հեռախոսներն անջատում են,

4. Որպես կանոն, հանդիպումից առաջ հյուրընկալվող կողմը ճշտում է «դրես-կոդը», և հագնվում համապատասխան (կամ անհնարինության դեպքում՝ զգուշացնում է դրա մասին)։

Սա՝ մանրամասները: Իսկ ընդհանուր առմամբ, նման գործնական հանդիպումների ընթացքում ոչ միայն քննարկվում են հյուրերի առաջարկները, այլև քաղաքային իշխանությունն իր կողմից խորհուրդներ է տալիս և հուշումներ անում՝ փորձելով հնարավորինս աջակցել պոտենցիալ ներդրողին: Ինչը և արվել է կոնկրետ այս դեպքում՝ անկախ քննարկման առարկա դարձած անհարթություններից»,-նշում է Հակոբ Կարապետյանը:

Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ արդեն մի քանի ժամ շարունակ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը համառ ջանասիրությամբ փորձում է հերքել Գագիկ Ծառուկյանի՝ խորհրդարանում արած հայտարարությունն այն մասին, որ Աբու Դաբիի թագաժառանգը, ով Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն է ունեցել, Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:

«Ես իհարկե հասկանում եմ, որ Կարապետյանն, ով վերջին շրջանում քաղաքապետի համար դարձել է քավության նոխազ և վերջինիս պատճառով ստիպված է լինում հատնվել զավեշտալի իրավիճակներում, կրկին հանձնարարություն է ստացել ցանկացած գնով պարզերես անել իր վերադասին: Սակայն ստիպված եմ հիասթափեցնել, քանի որ ընդամենը մի քանի ժամից նա կրկին հայտնվելու է ամոթալի իրավիճակում և համոզվելու է, որ դատարկ խոսելով և շաղակրատությամբ չի կարողանալու հանրությանը թյուրիմացության մեջ գցել: Սեփական անտեղյակությամբ փայլող մամուլի խոսնակին գործընկերաբար հորդորում եմ նույն խանդավառությամբ այլևս չշարունակել հարցազրույցները, քանի որ քիչ անց հրապարկվելիք փաստերն ապացուցելու են, թե ով է իրական ստախոսն ու օդի մեջ խոսողը»,-նշում է նա:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանում խոշոր ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող Աբու Դաբիի թագաժառանգը քաղաքապետ Հայկ Մարությանի հետ հանդիպումից հետո հիասթափված հեռացել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել