Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (ՀԵԻԱ) դատապարտում է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Արշավիրի Հայրիկյանի նկատմամբ անցած գիշեր տեղի ունեցած չարագործ ու նենգադավ արարքը:
Անհանդուրժելի է, երբ քրիստոնյա փոքր երկրում, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, նման անընդունելի դեպքեր են արձանագրվում:
Թեև մենք զերծ ենք մնում արարքին քաղաքական գնահատականներ տալուց և որևէ վերլուծություններ անելուց, սակայն մի բան ակներև է` մահափորձը տեղի է ունեցել ՀՀ նախագահի ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում, ինչն անմիջականորեն ստվեր է գցելու քարոզարշավի ընթացքի վրա, անժամանակ հարվածելու է մեր պետականությանը և հայ ժողովրդին` հոգեբանական առումով:
Վստահ ենք, որ մեր երկրի իրավապահները շատ կարճ ժամանակում կբացահայտեն մեղավորներին, արարքի պատվիրատուին (ներին) և կատարողին (ներին), և այս դեպքը ևս չի անցնի պատմության արխիվներ՝ «չբացահայտված գործ» անվամբ:
Կուռ առողջություն և շուտափույթ ապաքինում ենք մաղթում հարգարժան Պարույր Հայրիկյանին:
Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա
Աղբյուրը` Իրավաբան.net