Ռուզաննա Մուրադյանի ցանկությունն է «Ուսուցչի էթիկայի նորմերը» դարձնել համընդհանուր կիրառելի. (տեսանյութ և լուսանկարներ)

«Դպրոց- կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն այսօր Գրիգոր Զոհրապի անվան թիվ 43 ավագ դպրոցում դպրոցների տնօրեններին էր ներկայացնում իր նախաձեռնությամբ ու համապատասխան մասնագետների ջանքներով ստեղծված փաստաթուղթը` «Ուսուցչի էթիկայի նորմերը»:

 

«Սա նախադեպը չունեցող մի փաստաթուղթ է, որը որ մինչ այսօր չի եղել մանկավարժության մեջ և այսօր առաջին անգամ դրվում է լայն հասարակության սեղանին: Այսինքն` սա փաստաթուղթ է ոչ միայն ուսուցչի համար, որ ինքը պետք է իմանա, այլ սա փաստաթուղթ է հասարակության ցանկացած անդամի համար, ծնողի համար, որ ինքը պետք է իմանա, թե ինչպիսին պետք է լինի ուսուցչի վարքագիծը»,- Իրավաբան.net-ին ասաց Ռուզաննա Մուրադյանը:

 

«Դպրոց- կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը փաստաթուղթը կազմած հեղինակներին ընտրել է մրցույթով` 3 մասնագետ տարբեր ոլորտներից:

 

Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության պատմության ամբիոնի դոցենտ Սիլվա Պետրոսյանը «Ուսուցչի էթիկայի նորմեր»-ի համահեղինակն է: Փաստաթուղթն ամբողջացնելու համար ուսումնասիրել են միջազգային փորձը. շատ երկրներում ուսուցիչների համար էթիկայի նորմեր կան` դրանք տարբերվում են միայն իրենց խորությամբ ու ընդգրկվածությամբ:

 

«Այս փաստաթղթի մեջ կա նաև մի կետ, որը նշում է, որ յուրաքանչյուր դպրոց, յուրաքանչյուր մանկավարժական կոլեկտիվ ինքն է սահմանում իր էթիկայի նորմերը և կարող է այս փաստաթղթում ամրագրված սկզբունքներին չհակասող ցանկացած ուրիշ դրույթներ ևս ներառել»,- տեղեկացրեց Սիլվա Պետրոսյանը:

 

Վայոց Ձորի մարզի Քարագլխի միջնակարգ դպրոցի տնօրեն Գոհար Հովհաննիսյանը կարևորեց ու շնորհակալություն հայտնեց փաստաթղթի համար: Նրա խոսքով` ուսուցչի էթիկայի նորմերի առկայությունը կարևոր է այնքանով, որքանով ուսման գործընթացը դպրոցներում:

 

«Ուսուցչի էթիկայի նորմեր»-ում առանձին կետեր են նվիրված ուսուցչի հակակոռուցպիոն վարքագծին: Ըստ որի` կաշառք վերցնելը կամ կաշառք տալն անհամատեղելի են ուսուցչի մասնագիտական բարոյականության հետ: Ուսուցիչը չպետք է որևէ կերպ ակնարկի, ցանկություն հայտնի, համաձայնության գա այլ ուսուցիչների հետ սաների կամ ծնողների միջոցով իրեն նվերներ մատուցելու հարցում:

 

«Ընդհանրապես էթիկայի կանոնների ներդրումը ցանկացած համակարգում և դրանց ընդունումը և կիրառումը շատ մեծ կարևորություն ունի նաև հակակոռուպցիոն տեսակետից, որովհետև նա մանրակրկիտ կարգավորում է վարքագիծը»,- ասաց Երևանի Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Մարատ Ատովմյանը:

 

Սիլվա Պետրոսյանի խոսքով` «Ուսուցչի էթիկայի նորմեր»-ը ոչ թե միայն ուսուցչի համար է կամ սահմանափակում է նրա ազատությունները, այլև նրա նկատմամբ հարգանքը մեծացնելու համար է, ինչպես նաև երեխաների իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու:

 

Առաջիկայում 15 դպրոցի տնօրեններ կամ առաջատար մանկավարժներ իրենց դպրոցներում կփորձարկեն փաստաթուղթը, կլսեն առաջարկություններ ու նոր գաղափարներ, կկատարելագործեն փաստաթուղթն ու կներկայացնեն Կրթության և գիտության նախարարություն: Ռուզաննա Մուրադյանի ցանկությունն է` այն դարձնել համընդհանուր փաստաթուղթ հանրապետության բոլոր դպրոցների համար:

 

 

Լուսանկարներ

 

Նունե Հովսեփյան

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել