ՀՀ սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն, Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:
Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետ համաձայն, ըստ որի.
Անվտանգության խորհրդի քարտուղարը`
- կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.
- մշակում և վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ.
- նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից պահանջելու փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օր հետո, իսկ հրատապ դեպքերում` հնարավոր սեղմ ժամկետում.
- անմիջականորեն ղեկավարում և վերահսկում է Անվտանգության խորհրդի գրասենյակի, ինչպես նաև հանրային ծառայող չհանդիսացող` խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի գրասենյակի` վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
- Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.
- Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի սահմանած պարբերականությամբ Անվտանգության խորհուրդ և վարչապետին է ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաև առաջարկություններ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.
- իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում և դրանց կատարման վերաբերյալ վարչապետի սահմանած կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհուրդ և վարչապետին.
- Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում և կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.
- կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:
Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն, Անվտանգության խորհրդի գործունեության խորհրդատվական և տեղեկատվական ապահովման համար խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ:
Հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն,
- Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:
- Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:
- Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
- Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:
- Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:
Բացի վերը նշված՝ օրենքով Անվտանգության խորհրդի քարտուղարին վերապահված լիազորություներից և իրավասություններից, այլ լիազորություներ և իրավասություններ նա չունի: