Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորություններն ու իրավասությունները սպառիչ են և սահմանված են օրենքով

ՀՀ սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն, Վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը: Վարչապետը կարող է Կառավարության անդամներին կոնկրետ հարցերով հանձնարարականներ տալ: Վարչապետը գլխավորում է Անվտանգության խորհուրդը, որի կազմավորման և գործունեության կարգը սահմանվում է օրենքով:

Անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները սահմանվում են «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետ համաձայն, ըստ որի.

Անվտանգության խորհրդի քարտուղարը`

  1. կազմակերպում է Անվտանգության խորհրդի նիստերի նախապատրաստական աշխատանքները.
  2. մշակում և վարչապետին առաջարկություններ է ներկայացնում Անվտանգության խորհրդի` սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարցերով նիստերի օրակարգի վերաբերյալ.
  3. նիստերի նախապատրաստման նպատակով վարչապետի անունից իրավասու է գործադիր իշխանության մարմիններից պահանջելու փաստաթղթեր, նյութեր, ինչպես նաև այլ անհրաժեշտ տեղեկատվություն, որն այդ մարմինները պարտավոր են տրամադրել հարցումն ստանալուց ոչ ուշ, քան յոթ օր հետո, իսկ հրատապ դեպքերում` հնարավոր սեղմ ժամկետում.
  4. անմիջականորեն ղեկավարում և վերահսկում է Անվտանգության խորհրդի գրասենյակի, ինչպես նաև հանրային ծառայող չհանդիսացող` խորհրդի աշխատանքներում պայմանագրային հիմունքներով ներգրավված անձանց գործունեությունը, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Անվտանգության խորհրդի գրասենյակի` վարչապետի կողմից չնշանակվող հանրային ծառայողներին, իրականացնում է օրենքով սահմանված այլ լիազորություններ.
  5. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում և կարգով ներկայացնում է Անվտանգության խորհուրդը միջազգային կազմակերպություններում.
  6. Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով հավաքում և ամփոփում է Հայաստանի Հանրապետության անվտանգության սպառնալիքներին վերաբերող տեղեկատվությունը, վարչապետի սահմանած պարբերականությամբ Անվտանգության խորհուրդ և վարչապետին է ներկայացնում սույն կետում նշված տեղեկատվության ամփոփագրեր, ինչպես նաև առաջարկություններ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ.
  7. իրականացնում է Անվտանգության խորհրդի որոշումների կատարման մշտադիտարկում և դրանց կատարման վերաբերյալ վարչապետի սահմանած կարգով հաշվետվություն է ներկայացնում Անվտանգության խորհուրդ և վարչապետին.
  8. Անվտանգության խորհրդի աշխատակարգով սահմանված դեպքերում և կարգով ղեկավարում է Անվտանգության խորհրդի հանձնախմբերի, աշխատանքային խմբերի գործունեությունը.
  9. կատարում է վարչապետի առանձին հանձնարարականներ:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն, Անվտանգության խորհրդի գործունեության խորհրդատվական և տեղեկատվական ապահովման համար խորհրդի աշխատանքներում կարող են ներգրավվել փորձագետներ:

Հարկ է նշել, որ ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն,

  1. Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:
  2. Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:
  3. Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:
  4. Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:
  5. Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով:
Բացի վերը նշված՝ օրենքով Անվտանգության խորհրդի քարտուղարին վերապահված լիազորություներից և իրավասություններից, այլ լիազորություներ և իրավասություններ նա չունի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել