Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է.
- Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը,
- Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը:
Գործադիրը նշել է, որ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 2 և 3 հավելվածներով հաստատված են ընտանիքների անապահովության գնահատման և այդ համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգերը (որի հիման վրա նշանակվում են ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը), իսկ N 5 հավելվածով՝ անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը:
Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` համաձայն որոնց նպաստառու ընտանիքների աշխատունակ անձինք, նպաստի իրավունքից չզրկվելու պատճառով, խուսափում են հարմար աշխատանքի առաջարկներից կամ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող ակտիվ ծրագրերում ընդգրկվելուց: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկայումս հաշվառված են ընդհանուր 5,227 գործազուրկի կարգավիճակ ունեցող անձիք, որոնք բնակվում են նպաստառու 3,844 ընտանիքներում:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 459-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է նպաստառու ընտանիքների անդամների վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել վարկային զեկույցի չափորոշիչները ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելուց հետո: