Գործազուրկները աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակ նպաստ կստանան. նախագիծ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծ, որով նախատեսվում է.

  1. Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը,
  2. Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը:

Գործադիրը նշել է, որ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման  (այսուհետ` Որոշում) N 2 և 3 հավելվածներով հաստատված են ընտանիքների անապահովության գնահատման և այդ համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգերը (որի հիման վրա նշանակվում են ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը), իսկ N 5 հավելվածով՝ անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը:

Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` համաձայն որոնց նպաստառու ընտանիքների աշխատունակ անձինք, նպաստի իրավունքից չզրկվելու պատճառով, խուսափում են հարմար աշխատանքի առաջարկներից կամ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող ակտիվ ծրագրերում ընդգրկվելուց: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկայումս հաշվառված են ընդհանուր 5,227 գործազուրկի կարգավիճակ ունեցող անձիք, որոնք բնակվում են նպաստառու 3,844 ընտանիքներում:

Միաժամանակ, ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 459-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է նպաստառու ընտանիքների անդամների վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել վարկային զեկույցի չափորոշիչները ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելուց հետո: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել