Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները կարող են միանվագ դրամական օգնություն ստանալ

Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում, տարվա ընթացքում մեկ անգամ կարող է վճարվել միանվագ դրամական օգնություն` հարյուր հազար դրամի չափով:
Այդ դեպքերն են՝
• զինծառայողի ամուսնության կամ
• տարերային աղետի հետևանքով զինծառայողին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու կամ
• զինծառայողի կամ նրա ընտանիքի անդամի երկարատև հիվանդության կամ
• զինծառայողի ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
Դրամական օգնությունը տրվում է համապատասխան մարմնի ղեկավարին ուղղված` հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողի կամ ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի դիմումի՝ հիման վրա` համապատասխան մարմնում դրամական օգնությունների գծով հաստատված նախահաշիվների համաձայն:
Դիմումին կից ներկայացվում են`
• դիմումատուի անձը և նախկին զինծառայողի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող փաստաթղթերի պատճենները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկում դիմումատուի անվամբ բացված բանկային հաշվեհամարը.
• նախկին զինծառայողի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի ամուսնության դեպքում` քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմնի կողմից տրված ամուսնության վկայականի, իսկ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.
• տարերային աղետի հետևանքով նախկին զինծառայողին կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամին սեփականության իրավունքով պատկանող գույքին վնաս պատճառվելու դեպքում` գույքի նկատմամբ անձի սեփականության իրավունքի վկայականի պատճենը և տարերային աղետի ու դրա հետևանքով պատճառված վնասի վերաբերյալ արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում իրավասու ծառայության ստորաբաժանման կողմից տրված տեղեկանքը, իսկ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.
• նախկին զինծառայողի և նրա ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի երկարատև հիվանդության դեպքում` բժշկական օգնության և սպասարկման ծառայություն մատուցող կազմակերպության կողմից` տվյալ տարվա ընթացքում, առնվազն 21 օր ընդհանուր տևողությամբ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացած լինելու մասին տեղեկանքը, իսկ ընտանիքի անդամի համար` նաև ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենը և ընտանիքի կազմի մասին տեղեկանքը.
• նախկին զինծառայողի ընտանիքի անդամի կամ զոհվածի (մահացածի) ընտանիքի անդամի մահվան դեպքում` մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները:
Միանվագ դրամական օգնություն է տրվում օրենքով սահմանված դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում ներկայացված դիմումի հիման վրա:: Այն հաշվարկվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան պետական մարմնում սահմանված կարգով գրանցելու օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում՝ դիմումատուի անվամբ բացված բանկային հաշվեհամարին միանվագ դրամական օգնության գումարը փոխանցելու միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել