Արծվաշենի ազատագրումը տեղի է ունեցել Յուրի Խաչատուրովի շնորհիվ. Խաչատուրովի ներկայացուցչի հայտարարությունը՝ դատարանում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ վերլուծաբան Ստեփան Գրիգորյանի: Պատճառը հուլիսի 30-ին լրատվամիջոցներից մեկին նրա տված հարցազրույցն է եղել, որում նա արտահայտել է մտքեր, որոնք հայցվոր կողմի պնդմամբ՝ արատավորում են Յուրի Խաչատուրովի պատիվը և արժանապատվությունը:

Նիստը նախագահում է դատավոր Տաթևիկ Ստեփանյանը:

Ստեփան Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Յուրի Խաչատուրովը և այլ գեներալներ հողեր են վաճառել Ադրբեջանին, դրա դիմաց գումարներ են ստացել, չեն կատարել իրենց մասնագիտական և աշխատանքային պարտականությունը և երբ հայ զինվորները սկսել են այդ հողերը ազատագրել, նշված անձիք խոչընդոտել են և թույլ չեն տվել, որպեսզի այդ պրոցեսը տեղի ունենա: 

Նշենք, որ պաշտպանության նախարարությունը, ի պատասխան Յուրի Խաչատուրովի ներկայացուցչի հարցման հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 2-ին զինված ուժերի գլխավոր պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի նախահարձակ գործողությունների մասին տեղեկանալով 20-25 րոպե հետո՝ ժամը 03:10-03:15-ի սահմաններում ներկայացելէ ծառայության վայր և իրականացրել է զինված ուժերի կառավարումը: 

Յուրի Խաչատուրովի նոր ներկայացուցիչ Անահիտ Սարգսյանը այսօր՝ օգոստոսի 14-ին, դատարանում հայտնեց, որ համաձայն չէ պատասխանողի ներկայացուցչի այն դիրքորոշման հետ, թե Ստեփան Գրիգորյանի խոսքը եղել է ընդհանրական, կոնկրետ անձնավորված չի եղել և ուղղված է եղել անորոշ թվով անձանց:

«Պատասխանողը հայտնել է, որ իր խոսքը վերաբերում է Յուրի Խաչատուրովին և հենց այդ պատճառով դիմել է համապատասխան մարմիններին՝ իր արտահայտած տվյալների ստուգման համար: Այսինքն, ենթադրվում է, որ կոնկրետ իրավապահ մարմինը, ըստ պատասխանողի, պետք է ստուգի, հավաստիանա, որ Ստեփան Գրիգորյանը ճիշտ է իր հրապարակումներում և պատասխանատվության ենթարկի իրավախախտին»,-նշեց Անահիտ Սարգսյանը:

Վերջինս անդարադարձավ նաև պատասխանող կողմի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանի այն պնդմանը, որ քննադատության սահմանները ավելի լայն են հանրային պաշտոն զբաղեցնող անձանց դեպքում և վերջիններս պաշտոն զբաղեցնելու փաստի ուժով, ինքնակամ, իրենց անձը դնում են ինչպես լրատվամիջոցների քննադատության առջև, իրենց բաց են պահում և պետք է հանդուրժողականության բարձր աստիճան դրսևորեն՝ իրենց մասին հնչող քննադատության նկատմամբ:

«ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ քաղաքական գործիչների նկատմամբ քննադատության սահմանները ավելի լայն են, քան մասնավոր անձանց պարագայում: Սակայն Եվրոպական դատարանը՝ անդրադառնալով քաղաքացիական ծառայողներին, նշել է, որ քաղաքացիական ծառայողների նկատմամբ ևս, ինչպես քաղաքական գործիչների դեպքում, ընդունելի են քննադատության լայն սահմաններ, սակայն իրենց լիազորությունների կատարումն ապահովելու առումով պետք է վայելեն հասարակական վստահություն, զերծ լինեն անընդմեջ քննադատությունից և դրա համար է անհրաժեշտ նրանց տրամադրել պաշտպանություն՝ իրենց պարտականությունների առնչությամբ վիրավորական և զրպարտչական հարձակումից»,-նշեց Անահիտ Սարգսյանը:

Նա նշեց նաև, որ Յուրի Խաչատուրովն իր գործունեության ընթացքում պարգևատրվել է բազմաթիվ շքանշաններով և մեծ ավանդ ունի Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման գործում:

«Արծվաշենի ազատագրումը տեղի է ունեցել Յուրի Խաչատուրովի շնորհիվ, նրա հրամանատարությամբ: Կապանի դիրքերի գրավումը, Քարվաճառի ազատագրումը, ընդ որում, 1993 և 1994 թվականներին: Մարդ, ով ազատագրել է իր հայրենիքը, ազատագրել է իր հողերը, պաշտպանել է իր հայրենիքի սահմանները: Մեր շատ գնդեր, կորպուսներ կազմավորվել են հենց Յուրի Խաչատուրովի շնորհիվ: Երբ ապրիլյան հարձակումը տեղի է ունեցել, պարոն Խաչատուրովը հենց գիշերը, 10-15 րոպե հետո գնացել է համապատասխան վայրերը, որտեղից իրականացրել է իր լիազորությունները և 20 օր այդ բունկերից դուրս չի եկել: Իր ամեն օրը, վայրկյանը, ժամը ներդրել է, որպեսզի կատարի այն ամենը, ինչ մենք կարողացանք կատարել թե՛ նրա և թե՛ մեր զինվորների շնորհիվ»,-նշեց Անահիտ Սարգսյանը:

Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը նշեց, որ տարիներ շարունակ որդեգրված է եղել այն մոտեցումը, որ եթե անձը, իր պատկերացմամբ, ներդրում է կատարում պետության որևէ ինստիտուտի մեջ, ապա ինքը անձեռնմխելի է:

«Սա հակասում է մարդու իրավունքների, պետության պաշտպանության պարտավորության սկզբունքին: Որպես հայցվոր, ավելի բարեխիղճ կլիներ անդրադառնալ 2018 թվականի իրադարձություններից հետո Յուրի Խաչատուրովի մասնակցությամբ քրեական գործին, որը վերաբերում է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին և իր մասնակցությանը դրանում, որը ոչ միայն նսեմացրել է ՀՀ-ն, այլ նաև ՀՀ-ն, որպես միջազգային հանրության անդամ, այն խարազանմանն է արժանացրել՝ մարդու իրավունքների վատթարագույն խախտման պայմաններում: Թվարկելով նրա ներդրումները և ջանասիրությունը հայրենիքի պաշտպանության գործում, որտեղ, ընդ որում, որևէ չափանիշ չկա, թե ես ավելի քիչ ներդրում եմ կատարել ՀՀ-ի համար»,-նշեց Ստեփան Գրիգորյանի ներկայացուցիչը:

Հայկուհի Հարությունյանը հիշեցրեց, որ ապրիլյան պատերազմից հետո զենքի, համապատասխանության սպառազինության, բանակին անհրաժեշտ այլ նյութերի հետ կապված սկանդալներ և բացահայտումներ եղան, իսկ քրեական գործի քննությունը շարունակվում է և ընթացքի մեջ է:

«Խնդիրը եղել է հանրային հետաքրքրության տիրույթում, խնդիրը պահանջել է պաշտոնատար անձի կողմից հրապարակային և հաշվետու վարքագիծ, որը չի ներկայացվել և նշենք, որ հարցը քննարկման է նաև Ազգային ժողովում, ստեղծվել է քննիչ հանձնաժողով: Ստեփան Գրիգորյանը, որպես ՀՀ քաղաքացի, ունի իր մտահոգությունները, խիստ քննադատությունը, նույնիսկ պրովոկատիվ, սուր քննադատությունը կոնկրետ պաշտոնատար անձի գործառույթների առնչությամբ: Փաստերի ստուգման, տեղեկատվության հերքման և տեղեկատվությունը հանրությանը ներկայացնելու պարտավորությունը պետական լիազորություններով մարմնինը կամ անձինն է»,-նշեց Հայկուհի Հարությունյանը:

Նշենք, որ նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 7-ին:

Մանրամասները՝ տեսանյութում

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել