Փաստացի և ՔԿԱԳ մարմնի միջոցով գրանցված ամուսնության տարբերությունները և ամուսինների իրավունքները

Գործող Ընտանեկան Օրենսգրքի համաձայն ճանաչվում է միայն քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում գրանցված ամուսնությունը:

Կանայք և տղամարդիկ ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս օգտվում են հավասար իրավունքներից:

Ամուսնությունը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ: Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։

Ամուսիններից յուրաքանչյուրն ազատ է աշխատանք, զբաղմունք, մասնագիտություն, բնակության վայր ընտրելու հարցում։ Մայրության, հայրության, երեխաների դաստիարակության և կրթության, ինչպես նաև ընտանեկան կյանքի այլ հարցեր ամուսինները համատեղ լուծում են՝ ելնելով ամուսինների իրավահավասարության սկզբունքից։

Ամուսիններն ընտանիքում պարտավոր են իրենց հարաբերությունները կառուցել փոխադարձ օգնության և հարգանքի վրա, նպաստել ընտանիքի ամրությանը, հոգ տանել իրենց երեխաների բարեկեցության ու զարգացման համար։

Ամուսինների ընդհանուր համատեղ սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև ամուսինների միջև կնքված ամուսնական պայմանագրով: Ամուսնական պայմանագիրը ամուսնացող անձանց համաձայնությունն է կամ ամուսինների համաձայնությունը, որով որոշվում են ամուսինների գույքային իրավունքներն ու պարտականությունները ամուսնության և (կամ) այն լուծվելու ընթացքում: Ամուսնական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես մինչև ամուսնության պետական գրանցումը, այնպես էլ ամուսնության ցանկացած ժամանակահատվածում։ Ամուսնության պետական գրանցումից առաջ կնքված ամուսնական պայմանագիրն ուժի մեջ է մտնում ամուսնության պետական գրանցման պահից։ Ամուսնական պայմանագիրը կնքվում է գրավոր և ենթակա է նոտարական վավերացման:

Գործող Քաղաքացիական Օրենսգրքի համաձայն ամուսնության ընթացքում ամուսինների ձեռք բերած գույքը նրանց համատեղ սեփականությունն է, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ նրանց միջև կնքված պայմանագրով: Մինչև ամուսնությունն ամուսիններից յուրաքանչյուրի գույքը, ինչպես նաև ամուսնության ընթացքում ամուսիններից մեկի նվեր կամ ժառանգություն ստացած գույքը նրա սեփականությունն է: Անհատական օգտագործման գույքը (հագուստը, կոշիկը և այլն), բացառությամբ թանկարժեք իրերի և պերճանքի առարկաների, եթե նույնիսկ այն ձեռք է բերվել ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր միջոցների հաշվին, համարվում է այն ամուսնու սեփականությունը, որն այդ գույքն օգտագործել է:

Ամուսիններից յուրաքանչյուրի գույքը կարող է ճանաչվել նրանց համատեղ սեփականություն, եթե պարզվի, որ ամուսնության ընթացքում ամուսինների ընդհանուր գույքի կամ մյուս ամուսնու անձնական գույքի հաշվին կատարվել են ներդրումներ, որոնք նշանակալի չափով ավելացրել են այդ գույքի արժեքը (հիմնական վերանորոգում, վերակառուցում, վերասարքավորում և այլն), եթե այլ բան նախատեսված չէ ամուսինների միջև կնքված պայմանագրով: Ամուսիններից մեկի պարտավորությունների համար կարող է բռնագանձում տարածվել նրա սեփականության ներքո գտնվող գույքի, ինչպես նաև ամուսինների ընդհանուր գույքում նրա բաժնի վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել