Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը լրագրողները բոյկոտեցին, քանի որ մոտ 30 րոպե առաջ մեկնարկած դատական նիստին ապակուց այս կողմ ոչինչ չեն կարողացել լսել՝ տեխնիկական խնդիրների պատճառով:
Նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանը ընմիջում հայտարարեց խնդիրը լուծելու համար, սակայն հետո ստիպված թույլ տվեց, որպեսզի վերջիններս ապակուց այս կողմ անցնեն և այդպես մասնակցեն նիստին:
Արամ Օրբելյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ: Նա նշում է, որ խախտվել է մարդու իրավունքը և այս փուլում, առնվազն, կալանք չպետք է կիրառվի:
«Պարոն Քոչարյանը, որպես մեղադրյալ, իրավունք ունի պարզաբանում պահանջել, պարզաբանումէ իր մեղադրանքի վերաբերյալ: Սահմանադրությունում նշված է, որ հանցագործության համար մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի մեղադրանքի հիմքերի և բնույթի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ և հանգամանորեն տեղեկացվելու իրավունք: Քրեական օրենսգիրքն էլ ասում է, որ անձին որպես մեղադրյալ ներգրավվելու հիմքը նրա կողմից հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է: Եթե մեղադրանքում որևէ փոփոխություններ են լինում, ապա քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել: Անձը, եթե ոչինչ էլ չասի, չմտածի չբարձրաձայնի, քննիչը և դատախազը պարտավոր են մեղադրանքը հանգամանալից բացատրել»,-նշեց Օրբելյանը:
Նա նշում է, որ այսօր գործում չպարզված հանգամանք չպետք է լիներ, սակայն գործնականում դա այդպես չէ: Եթե այսօր կա չպարզված հանգամանք և դա վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա գործը չի կարող շարունակվել. «Չենք կարող ասել, ինչ-որ հանգամանքներ կան, չեն իմանում ինչ է, բայց գործը կքննենք կտեսնենք: Նման մոտեցում որևէ կերպ ընդունելի չէ ժողովրդավարական-իրավական պետությունում»,-նշեց պաշտպանը:
Արամ Օրբելյանը նշում է, որ մեղադրանքը ոչ միայն պետք է մանրակրկիտ լինի և պարունակի բոլոր հարցերի պատասխանը, իսկ եթե գործով մի քանի մեղադրյալներ կան, ապա այն նաև պետք է տարանջատվի յուրաքանչյուրի մասով առանձին: Եթե կան մարդիկ, որոնք մեղադրյալի կարգավիճակ չունեն, սակայն գործի նկարագրերում կան, դրանք նույնպես պետք է տարանջատվեն. «Միքայել Հարությունյանի, Սերժ Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի գործողությունները: Բոլոր անձիք, որոնք կան, թեկուզ ընդհանրական նկարագրություններում, պետք է տարանջատվեն: Պետք է նշվի, թե Քոչարյանը ինչ գործողություն է արել, որը չպետք է աներ և ինչ գործողություն պետք է աներ, օրենքով սահմանված, որը չի արել: Այսինքն, կամ գործողություն կամ անգործություն: Գործում լիքը նկարագրություններ կան, ինչ-որ արարքի գործողություններ կան: Պետք է հստակեցվի ընդհանրապես, թե ով է այս հանցագործության օբյեկտը, որն է եղել Ռոբերտ Քոչարյանի մեղքը, ուղղակի կամ անուղղակի»,-նշեց Օրբելյանը:
Պաշտպանն ասաց, որ առաջին անգամ քննիչին այցելելուց հետո, երբ Ռոբերտ Քոչարյանին հայտնել են, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել, նա նշել է, որ մեղադրանքը իրեն պարզ չէ:
«Դատավարական պարզ հնարք է սա, երբ գործը թույլ է, սկսում են ոչ հստակ ձևակերպումներ տալ: Փորձ է արվել ձևակերպումներն այնպես տալ, որ խճճվի, պարզ չլինի: Շատերը ասում են գործը «ջուր» է, «օդ» է: Մեղադրական կողմը կարող է գրել ինչ ցանկանա, կարող է գրել Հովհաննես Թումանյանի պատմվածքների հավաքածուն և նշել, որ սա մեղադրական եզրակացություն է, բայց դատարանը պետք է ճիշտ գնահատական տա»,-նշեց Օրբելյանը:
Պաշտպանը նշեց, որ գործում 300.1 հոդվածի ձևակերպման վերլուծություն չի կատարվել, հաշվի չի առնվել Սահմանադրական դատարանի 2008 թվականի որոշումը, որը սահմանում է, թե ինչ է սահմանադրական կարգը:
«Եթե մարդուն մեղադրանք է առաջադրվել մի հոդվածով, որը ուժի մեջ է մտել ենթադրյալ արարքը կատարելուց մոտավորապես 1 տարի հետո, անձը պետք է մեղադրանքի մեջ ունենա նկարագրություն, թե 2008-ի փետրվար-մարտ ամիսներին ո՞ր հոդվածով է նախատեսված եղել արարքը, ինչ ծավալով, և արդյոք դրանք համընկնում են, թե՝ ոչ»,-նշեց նա:
Օրբելյանը հավելեց, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը հակասահմանադրական է:
Նիստը շարունակվում է:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 1998թ․ ապրիլի 9-ից մինչև 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով մշտապես կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական, գործառույթներ իականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ հանցակցությամբ, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Սրանից բացի իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008 թվականի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։
Ռոբերտ Քոչարյանի նկտամամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: