Հարկային օրենսգրքի նոր նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև ատամնաբույժերի ու ատամնատեխնիկների համար

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ատամնաբույժերն ու ատամնատեխնիկները դժգոհում են արտոնագրային հարկի համա­կարգի կիրառությունից, քանի որ արտոնագրային հարկը մեծ բեռ է փոքր շրջանա­ռու­թյուններ ունեցողների համար, իսկ մեծ շրջանառություններ ունեցողների համար խիստ ցածր հարկային բեռ է, ինչի արդյունքում առաջանում է անհավասարություն:

Մաս­նա­վորապես, խնդիրը կայանում է նրանում, որ արտոնագրային հարկի դրույքաչափերը հնա­րավորություն չեն ընձեռում, որպեսզի շուկա նոր մուտք գործող մասնագետները գոր­ծու­նեություն սկսեն, իսկ մյուս կողմից՝ խոշոր ատամնաբուժական կլինիկաներն ու ատամ­նա­տեխնիկական կենտրոնները հայտնվում են իրենց համար նպաստավոր հարկային միջա­վայրում և դրանով իսկ ճնշում են փոքրերին:

Առաջարկվում է ատամնաբույժերի ու ատամնատեխնիկների գործունեությունը 2019 թվականի հուլիսի 1-ից դուրս բերել արտոնագրային հարկի համակարգից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել