Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթը:
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ատամնաբույժերն ու ատամնատեխնիկները դժգոհում են արտոնագրային հարկի համակարգի կիրառությունից, քանի որ արտոնագրային հարկը մեծ բեռ է փոքր շրջանառություններ ունեցողների համար, իսկ մեծ շրջանառություններ ունեցողների համար խիստ ցածր հարկային բեռ է, ինչի արդյունքում առաջանում է անհավասարություն:
Մասնավորապես, խնդիրը կայանում է նրանում, որ արտոնագրային հարկի դրույքաչափերը հնարավորություն չեն ընձեռում, որպեսզի շուկա նոր մուտք գործող մասնագետները գործունեություն սկսեն, իսկ մյուս կողմից՝ խոշոր ատամնաբուժական կլինիկաներն ու ատամնատեխնիկական կենտրոնները հայտնվում են իրենց համար նպաստավոր հարկային միջավայրում և դրանով իսկ ճնշում են փոքրերին:
Առաջարկվում է ատամնաբույժերի ու ատամնատեխնիկների գործունեությունը 2019 թվականի հուլիսի 1-ից դուրս բերել արտոնագրային հարկի համակարգից: