Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետարանը 2018-ի դեկտեմբերի 11-ին պայմանագիր է կնքել անհատ ձեռնարկատեր Ռուզաննա Պարոնյանի հետ՝ մշակութային միջոցառումների կազմակերպման ծառայությունների վերաբերյալ:
Պայմանագրում նշվում է, որ Աշտարակ քաղաքի գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 25-ին Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու անվան հրապարակում կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է համերգային ծրագիր` պարային համույթների և էստրադային երգիչների մասնակցությամբ, որոնք կիրականացնեն Աշտարակին և ամանորյա տոներին նվիրված հանրահայտ կատարումներ՝ 2 ժամ տևողությամբ։
Ծրագիրը հանդիսավարելու նպատակով անհրաժեշտ է ապահովել հանդիսավար կամ հանդիսավարներ։ Նշվում է, որ համերգային ծրագրի մասն ակիցների ցանկը և կատարումները, ինչպես նաև հանդիսավարման սցենարը անհրաժեշտ է նախապես հա մաձայնեցնել պատվիրատուի հետ։
Ծրագրի ամբողջ ժամանակահատվածում, մինչև պայմանագրի ավարտը, հրապարակում անհրաժեշտ է ապահովել առնվազն վեց անձից բաղկացած հեքիաթի հերոսներ, իրենց գեղարվեստական համարներով։
Համերգային ծրագրի ավարտին անհրաժեշտ է իրականացնել հրավառություն՝ առնվազն 3 րոպե տևողությամբ՝ պահպանելով ՀՀ օրենսդրությամբ սահմանված անվտանգության նորմերը: Հրավառության իրականացման ծրագրի տեղանքը, ինչպես նաև օգտագործվող հրավառ նյութերի տրամաչափը և քանակը ևս պետք է նախապես համաձայնեցնել պատվիրատուի հետ։
Նշված համերգային ծրագիրն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է ապահովել 10 կվտ ձայնային սարքավորումներ, լուսային սարքավորումներ:
Բացի սրանից, Ամանորին նվիրված ցերեկույթների կազմակերպում 24.12.2018թ.-ից մինչև 26.12.2018թ 5 նախակրթարաններում. պետք է կազմակերպել մանկական զվարճալի ծրագրեր խաղավարների, առնվազն 6 հեքիաթի հերոսների մասնակցությամբ՝ 1-2 ժամ տևողությամբ (հեքիաթի հերոսների ցանկը և կատարումները, ինչպես նաև խաղավարների սցենարը անհրաժեշտ է նախապես համաձայնեցնել պատվիրատուի հետ)։
Նշված ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան տեխնիկական միջոցներ և հերոսների տեղափոխումը մանկապարտեզից-մանկապարտեզ:
Պայմանագրի արժեքը կազմել է 1 միլիոն 778 հազար դրամ:
Դեկտեմբերի 11-ին պայմանագիր է կնքվել նաև «Սարտամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, որով երեխաների համար նախատեսված խաղալիքներ է ձեռք բերել:
Պայմանագրում նշվում է, որ ընկերության կողմից չինական արտադրության 400 հատ տիկնիկ տրամադրում: Տիկնիկները պետք է լինեն 3 և ավելի տարեկան աղջիկների համար՝ պլաստմասսե (փափուկ), թարթող աչիկներով, երգող, գեղեցիկ շորիկով, ձեռքերը և ոտքերը շարժվող, չափը՝ 40 սմ: Տիկնիկները պետք է փաթեթավորված լինեն: Սրանցից յուրաքանչյուրի արժեքը կազմել է 810 դրամ, ընդհանուր՝ 324 հազար դրամ:
Ընկերությանն է պատվիրվել տրամադրել նաև չինական արտադրության 400 հատ խաղալիք զենք: 3 և ավելի տարիք ունեցող տղա երեխաների համար նախատեսված խաղալիքի հավաքածուն ներառում է փամփուշտներով ատրճանակ, հեռադիտակ, դանակ, լապտերիկ, լուսանկարչական ապարատ, սուլիչ և կապի միջոց: Այս ամենի նյութը ևս պլաստմասս է: Հավաքածուներից յուրաքանչյուրի արժեքը 800 դրամ է, ընդհանուր՝ 320 հազար դրամ:
Այսպիսով, պայմանագրի ընդահնուր արժեքը կազմել է 644 հազար դրամ: