Դեկտեմբերի 2-ին, ժամը 08.30-ին, Քարաբերդ գյուղի մի բնակիչ ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 1-ի ժամը 23.00-ից մինչև դեկտեմբերի 2-ի ժամը 06.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ դռան փականը կոտրելու միջոցով, իր անասնագոմից գողացել են 5 գլուխ հորթ՝ պատճառելով մոտ 600.000 դրամի վնաս։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է նաև, որ հորթերից մեկը, նույն օրը, ժամը 08.00-ին, հայտնաբերել է անասնագոմից մոտ 50 մետր հեռու:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբ։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 11.00-ին, գողացված հորթերը հայտնաբերվել են անասնագոմից մոտ 5կմ հեռու՝ դաշտում կայանված «ԳԱԶել»-ի թափքում:
Հետագա միջոցառումներով, Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից հայտնաբերվել և գողությունը կատարելու կասկածանքով բաժին բերման է ենթարկվել Հովհաննես Մ․-ն։ Բաժնում նա խոստովանական բացատրություն է տվել, որ հորթերը գողացել է ինքը, բայց ավտոմեքենան դաշտում թաղվել է, ինքն էլ՝ թողել հեռացել:
Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ հորթերը ի պահ է հանձնվել տուժողին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է քննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: