Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով դատական քննությունը շարունակվում են

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատական քննությունը շարունակվում է։

Այսօր լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ ամուսնու սպանության համար մեղադրվող Ռուզաննա Մկրտչյանի պաշտպանը՝ Նաիրա Պետրոսյանը, միջնորդություն էր ներկայացրել, որ կրկնակի դատահոգեբանական փորձաքննություն նշանակվեր։ Փորձաքննության արդյունքները հայտնի են, և նշվում է, որ Ռուզաննա Մկրտչյանը սպանությունը կատարելու պահին եղել է աֆեկտի վիճակում։

Իրավաբան.net-ն այս տեղեկությունը փորձեց ճշտել հենց պաշտպանից՝ Նաիրա Պետրոսյանից, ով մեզ հետ զրույցում նշեց․ «Պաշտպանական տակտիկայից ելնելով, ոչինչ չեմ ուզում հրապարակել և նաև չունեմ իմ պաշտպանյալի համաձայնությունը»։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալների 2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ տուժողի կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: 2017 թվականի հուլիսի 22-ին՝ առավոտյան, կնոջ և ամուսնու միջև տեղի է ունեցել հերթական վիճաբանությունը, ինչից հետո ամուսինը քնել է, և կինը  փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: Այնուհետև կինը զանգահարել է որդուն և տուն կանչել: Հաջորդ օրը՝ ժամը 04:00-ի սահմաններում, ամուսնու ավտոմեքենայով, որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում:

Սպանված կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կնոջ նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, իսկ որդուն արգելանքից ազատելու որոշում է կայացվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել