«Պրոբացիայի մասին» ՀՀ Օրենքը սահմանում է Պրոբացիայի շահառուի նկատմամբ Էլեկտրոնային հսկողությունը և դրա կիրառման առանձնահատկությունները:
Էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է քրեական վարույթի մինչդատական և դատական քննության փուլերում՝ որպես այլընտրանքային խափանման միջոցների և անվտանգության միջոցների հետ համակցված միջամտություն կամ պատժի կատարման փուլում՝ որպես պատժի կատարման հետ համակցված հսկողության միջոց կամ հետպատժյա փուլում: Այլընտրանքային խափանման միջոցների կիրառման հետ համակցված էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատարանի կողմից՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով: Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժի կրումից ազատելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման դեպքում փորձաշրջանի մեջ գտնվող կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ սահմանված վերահսկողության իրականացման ընթացքում էլեկտրոնային հսկողությունը կիրառվում է դատական ակտով` դատախազի, պաշտպանության կողմի միջնորդությամբ կամ դատարանի սեփական նախաձեռնությամբ, իսկ պատժի կատարման փուլում` պրոբացիայի ծառայության միջնորդությամբ:
Պատժի կատարման, պատիժը պայմանականորեն չկիրառելու, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման հետևանքով փորձաշրջանի մեջ գտնվող, հղի կանանց, մինչև երեք տարեկան երեխա ունեցող, հիվանդության կամ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժի կրումից ազատված կամ պատժի կրումը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողության կատարման դեպքերում էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելիս դատարանն առնվազն հաշվի է առնում պրոբացիայի շահառուի՝
- անձը բնութագրող տվյալները.
- տարիքը.
- առողջական վիճակը.
- զբաղմունքի տեսակը.
- բնակության մշտական վայրի առկայությունը.
- ընտանեկան դրությունը և խնամքի տակ գտնվող անձանց առկայությունը.
- արարքի բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը:
Պրոբացիայի ծառայությունը դատական ակտով սահմանված կարգով և ժամկետներում դատարան կամ քրեական վարույթն իրականացնող մարմին է ներկայացնում հաշվետվություն էլեկտրոնային հսկողության կիրառման վերաբերյալ: Էլեկտրոնային հսկողության կիրառումը չպետք է պրոբացիայի շահառուին ֆիզիկական կամ հոգեկան վնաս կամ տառապանք պատճառի: Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի պրոբացիայի շահառուի և երրորդ անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը: