Այստեղ առանձին վերցրած լուծում չկա. վարչապետն այցելել է Արմավիրի և Արագածոտնի մարզերի ձեռնարկություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի և Արագածոտնի մարզեր:

Վարչապետը նախ այցելել է Երևանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղ` ծանոթացել խաղողի գնման գործընթացի կազմակերպմանը: Կառավարության ղեկավարը հետևել է խաղողի ընդունման փուլերին՝ կշռման, որակի վերահսկման, շաքարայնության ստուգման և վերամշակման: Վարչապետը եղել է նաև ընդլայնված և արդիականացված թորման արտադրամասում, որը համալրվել է 10 զույգ շարանտական տիպի թորման սարքերով՝ յուրաքանչյուրն օրական 100000 լ գինենյութ թորելու հզորությամբ: Գործարանի ղեկավարությունը վարչապետ Փաշինյանին տեղեկացրել է, որ սեպտեմբերի 16-ի դրությամբ ԵԿԳ Արմավիրի մասնաճյուղում գնվել է 5153 տ խաղող, իսկ 3 մասնաճյուղերում միասին վերցրած`  ավելի քան 8194 տ:

Շրջայցի ընթացքում երկրի վարչապետն ընկերության ղեկավարության հետ քննարկել է խաղողի գնմանը, ինչպես նաև հակակարկտային պաշտպանության համակարգի արդյունավետությանը վերաբերող հարցեր: Որոշում է կայացվել խաղողի գնման սակագինը հայտարարելու ժամկետը վերանայելու վերաբերյալ, այն է՝ հաջորդ տարի Երևանի կոնյակի գործարանը խաղողի գնման գինը կհայտարարի ապրիլից ոչ ուշ, և 2019թ. գինը կլինի առնվազն այնքանով բարձր, որ կծածկի երկրում գնաճի մակարդակը: Լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանը հարցի առնչությամբ, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է անընդհատ գյուղացուն շահույթ ստանալու ճանապարհներ ցույց տանք, որպեսզի այդ բեռն անընդհատ չմնա գործարարների ուսերին: Պետք է փորձենք այնպես անել, որ գյուղացին ոչ թե շահագրգռված լինի ամբողջ բերքը մթերման տալ, այլ ավելի շահավետ ճանապարհով գնալ՝ վերամշակել և այլն»:

Հայաստանում կոնյակագործության և գինեգործության զարգացման համատեքստում վարչապետ Փաշինյանը կարևորել է խաղողի սորտերի բարելավմանն ուղղված քայլերը:  «Երկրում կա խաղող, որը մթերվում է 430 դրամով, և այդ խաղողն աճում է Արարատյան դաշտում: Մենք ընդհանրապես պլանավորման և սորտափոխանակման խնդիր ունենք: Այս տարիների ընթացքում պետք է օգնեինք և հիմա էլ պետք է օգնենք գյուղացիներին, որ սորտի որոշակի փոփոխություն անեն՝ քայլ առ քայլ, փուլ առ փուլ, որ ոչ թե իրենք խնդրողի դերում լինեն, այլ իրենց խնդրեն: Այսօր գինու արտադրության ոլորտում մենք խաղողի լուրջ դեֆիցիտ ունենք. պատկերացնում եք՝ խաղողը մթերվում է ավելի քան 400 դրամով, իսկ  գյուղացին ունի ոչ թե այն խաղողից, որը 400 դրամով է մթերվում, այլ այն խաղողից, որը 130-140 դրամով է մթերվում: Այսինքն՝ մենք քառակուսի մետր հողի օգտագործման արդյունավետությունը պետք է բարձրացնենք, և կառավարությունը պետք է այստեղ և′ խորհրդատվական, և′ որոշակի գործիքներով աջակցություն ցուցաբերի», – նշել է կառավարության ղեկավարը:

Վարչապետի խոսքով՝ այս հանգամանքը  բացասաբար է ազդում ոչ միայն մթերման գնի, այլև արտահանման ծավալի, հայկական կոնյակի բրենդի հեղինակության վրա, և քննարկված հարցերի լուծումը պետք է դիտարկել ամբողջական շղթայի մեջ: «Այստեղ առանձին վերցրած լուծում չկա: Սա շղթա է, և այդ շղթայի բոլոր օղակներով անհրաժեշտ է զբաղվել: Բոլոր դեպքերում լուծումն օրինականության պահպանումն է», – ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարության ղեկավարը նշել է, որ որոշ ահազանգերի համաձայն՝ կան գործարաններ, որոնք ոչ թե խաղող մթերում են, այլ մթերված խաղողի վերաբերյալ թվեր են հրապարակում, իրականում ուրիշ տեղից են սպիրտ բերում, բայց ցույց են տալիս, որ խաղող են մթերել և այդ խաղողից են սպիրտ ստացել: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ հանձնարարելու է պատկան մարմիններին ստուգել այդ ահազանգերի հավաստիությունը:

Արմավիրի մարզից վարչապետն ուղևորվել է Արագածոտնի մարզ, որտեղ այցելել է «Գոլդեն Գրեյփ Արմաս» գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թ. ի վեր ընկերությունը ձեռք է բերել 180 հա հողատարածք, կառուցել գինու և կոնյակի գործարան. 110 հա վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի, գինու, նաև սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքն զբաղեցնում են պտղատու այգիները՝ դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի: Ընդլայնման ծրագրերի շրջանակում մնացած հողատարածքում ընկերությունը նախատեսում է կառուցել պահածոների գործարան, անասնաբուծական ֆերմա, ձկնաբուծարան և հանրակացարան աշխատակիցների համար: Բոլոր այս կառույցները շրջապատված  են լինելու արհեստական լճով, որի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են:

Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել այգիներով՝ ծանոթացել գյուղատնտեսական աշխատանքների արդյունքներին և հակակարկտային պաշտպանության համակարգին, ապա եղել գործարանի արտադրամասում, որտեղ ընկերության ղեկավարությունը վարչապետին ներկայացրել է գործարանի արտադրական հզորությունները, մթերման և վերամշակման աշխատանքները, զարգացման ծրագրերը: Նշվել է, որ գործարանի մթերման հզորությունը կարող է կազմել տարեկան մինչև 1000 տ խաղող, իսկ արտադրանքը, բացի ներքին շուկայից, սպառվում է նաև ԱՄՆ-ում, Եվրոպայում, Չինաստանում, Ճապոնիայում: Աշխատանք է տարվում շուկաների աշխարհագրությունն ընդլայնելու ուղղությամբ: Նշվել է նաև, որ «Գոլդեն Գրեյպ Արմաս»-ն իրականացնում է ագրոզբոսաշրջության զարգացման ծրագիր, կազմակերպվում են գինու սեմինարներ, տուրեր, համտեսներ, ցուցահանդեսներ, մշակութային միջոցառումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Գոլդեն Գրեյփ Արմաս» գինու և կոնյակի գործարանում նաև հանդիպել է ՀՀ դրամի ներդրման 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում ՀՀ կենտրոնական բանկի կողմից կազմակերպված միջազգային համաժողովի մասնակիցներին և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել այդ առիթով նախատեսված ընդունելությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել