Երեկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք։
Արման Մկրտումյանի հարևանները Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ տանն այդ պահին եղել են Արման Մկրտումյանի կինը՝ Լաուրա Մեսրոպյանը և որդին՝ Գոռ Մկրտումյանը:
Ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկը տան ցանկապատից մուտք է գործել տան բակ և մյուս երկուսի համար բացել է դուռը:
«Տեսախցիկով Մկրտումյանը և որդին տեսել են, որ ավտոմատով մարդ կա կանգնած բակում: Նրանք հետևի մուտքից դուրս են եկել և գազային ատրճանակով կրակել են նշված անձանցից մեկի վրա և ձեռքից խլել են ավտոմատը: Մյուս երկուսը 17 կրակոց են արձակել և փախել դեպքի վայրից»,-նշեց հարևաններից մեկը և հավելեց, որ Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները մշտապես բնակվում են Ձորաղբյուրի այդ առանձնատանը:
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը ստացել է ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վիրավորում և տեղափոխվել հիվանդանոց. «Ձեռքից արյունահոսությունը չէր կտրվում, դրա համար են հիվանդանոց տեղափոխել, թե չէ կյանքին սպառնացող ոչինչ չկար»,-նշեց հարևանը:
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնիցԻրավաբան․net-ի հետ զրույցում վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը նրա առողջական վիճակի մասին հայտնեց․ «Հիվանդի վիճակը վատ չէ»։
Հարևանների խոսքով՝ ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկը բակ է մուտք գործել հարևան տան բակից:
Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածը Հ.Ռիժենկոն է:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։
Տեսանյութը՝ շուտով