Արման Մկրտումյանը և նրա որդին են վնասազերծել ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկին. հարևաններ

Երեկ երեկոյան ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան տարածք։

Արման Մկրտումյանի հարևանները Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեցին, որ տանն այդ պահին եղել են Արման Մկրտումյանի կինը՝ Լաուրա Մեսրոպյանը և որդին՝ Գոռ Մկրտումյանը:

Ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկը տան ցանկապատից մուտք է գործել տան բակ և մյուս երկուսի համար բացել է դուռը:

«Տեսախցիկով Մկրտումյանը և որդին տեսել են, որ ավտոմատով մարդ կա կանգնած բակում: Նրանք հետևի մուտքից դուրս են եկել և գազային ատրճանակով կրակել են նշված անձանցից մեկի վրա և ձեռքից խլել են ավտոմատը: Մյուս երկուսը 17 կրակոց են արձակել և փախել դեպքի վայրից»,-նշեց հարևաններից մեկը և հավելեց, որ Արման Մկրտումյանը և նրա ընտանիքի անդամները մշտապես բնակվում են Ձորաղբյուրի այդ առանձնատանը:

Վճռաբեկ դատարանի նախկին նախագահը ստացել է ձախ գոտկային շրջանի և ձախ նախաբազկի ստորին երրորդականի հրազենային վիրավորում և տեղափոխվել հիվանդանոց. «Ձեռքից արյունահոսությունը չէր կտրվում, դրա համար են հիվանդանոց տեղափոխել, թե չէ կյանքին սպառնացող ոչինչ չկար»,-նշեց հարևանը:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնիցԻրավաբան․net-ի հետ զրույցում վերակենդանացման բաժանմունքի հերթապահ բժիշկը նրա առողջական վիճակի մասին հայտնեց․ «Հիվանդի վիճակը վատ չէ»։

Հարևանների խոսքով՝ ավազակային հարձակում իրականացրած անձանցից մեկը բակ է մուտք գործել հարևան տան բակից:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձերբակալվածը Հ.Ռիժենկոն է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով։

Տեսանյութը՝ շուտով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել